Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է Հայկական բանակում ջրծաղիկից մահացած շարքային զինծառայող Հայկ Խաչատրյանի դեպքին:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Տեղեկանալով ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում մահացած զինվորի հարազատներին եւ իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ:

Հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, դեռեւս չկա համապատասխան մարմնի կողմից առաջադրված հստակ վարկած եւ հայտնի չէ մահվան իրական պատճառը՝ Պաշտպանն առայժմ զերծ կմնա  գնահատականներից:

Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ մահացած զինվորի հարազատները հրապարակել են իրենց դժգոհությունները զինվորին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրների մասին վաղօրոք ահազանգումը կարող է կանխել ողբերգական հետեւանքները՝ դիմում ենք բոլոր զինծառայողներին, նրանց ծնողներին, հարազատներին եւ ընկերներին հնարավորինս արագ ահազանգել իրենց հայտնի խնդիրների, միջադեպերի, բողոքների մասին՝ զանգահարելով 1-1-6 Պաշտպանի թեժ գծին:

Շահագրգիռ անձանց վաղօրոք ահազանգը եւ մեր միջամտությունը կարող են կանխել ցավալի հետեւանքները նմանատիպ եւ այլ իրավիճակներում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011-ի դեկտեմբերի 30-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է շարքային զինծառայող (նա զորակոչվել էր 2011-ի հունիսի 1-ին) Հայկ Խաչատրյանը: Նրա հարազատները նշում են, որ դա տեղի է ունեցել հրամանատարների ու բժիշկների անուշադրության հետեւանքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր.-ի 376 հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատամամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):  Քրգործը հարուցվել է ՊՆ Քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում: