Ցեղասպանությունների քրեականացման օրինագիծը սպառնալիք չէ կարծիքների արտահայտման ազատության համար, քանի որ ուղղված է Հայոց ցեղասպանության փաստի վիճարկման ծայրահեղությունների դեմ: Այդ մասին հայտարարել է սենատոր Էվրե Մարսելը` Ցենտրիստական եւ հանրապետական միությունից, Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը:

Մարսելը նաեւ կարծիք է հայտնել, որ սա խիստ քրեական օրենք է եւ պատմությունը գրելու միջոց չէ. «Եթե ինչ-որ մեկը հերքի Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, ինչպե՞ս վարվել` հաշվի առնելով, որ մեկի ժխտումը պատժվում է, մյուսինը` ոչ: Պատմական հետազոտությունները կշարունակվեն: Կարծիքներ արտահայտելու ազատությունը սպառնալիքի տակ չէ, քանի որ օրինագիծը ուղղված է Հայոց ցեղասպանության փաստի վիճարկման ծայրահեղությունների դեմ: Մեր երկիրը, որ ընդունել է հայերին, պարտավոր է որդեգիր որդիներին պաշտպանի հարազատ երեխաներին հավասար»:

Սոցիալիստական խմբակցությունից սենատոր Ֆիլիպ Կալտենբախի խոսքով, ինքը հուզված է, քանի որ մի քանի տարի իր հայ բարեկամների հետ զբաղվում է նրանով, որ հարգվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Ես հպարտ եմ, որ խորհրդարանը ցույց կտա, թե մենք ետ չենք կանգնում մեր արժեքներից: Ժխտումը հանդուրժելը նշանակում էերկրորդ անգամ սպանել զոհերին: Հայաստանի հետ պատմական բարեկամությունն ամրապնդվել է այդ ցեղասպանության հետեւանքով: Մեր հանրապետությունը պետք է պաշտպանի իր երեխաներին: Ցեղասպանությունն ընդունված է մոտ 30 երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Ես վստահ եմ, որ հարկավոր է պատժել ցեղասպանությունը»:

Կալտենբախը կարծիք է հայտնել, որ օրենքը գործունեության դաշտ  է բացում իրական գիտնականների համար` ազատելով կեղծարարներից: Ըստ Կալտենբախի, որոշ մարդիկ ասում են, որ պետք չէ խառնվել երրորդ երկրների գործերի մեջ, սակայն ցեղասպանությունը հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Օրինագիծը չի վնասի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- նկատել է սենատորը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը սկսել է Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

Ըստ օրակարգի, ընդհանուր քննարկմանը ելույթ են ունենալու առաջին հերթին Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլլյեն եւ Սահմանադրական օրենքների հանձնաժողովի զեկուցող Ժան Պիեռ-Սյուեռը: Նրանցից հետո ելույթ կունենան 13 սենատոր` Իզաբել Պասկեն, Ժակ Մեզարը, Ռոժե Կարուչին, Էստեր Բենբասսան, Էրվե Մարսելը, Ֆիլիպ Կալտենբախը, Լյուկ Կարվունին, Բրյունո Ժիլը, Ժան-Վենսան Պլասեն, Նատալի Գուլեն, Բեռնար Պիրան, Ժան-Ֆրանսուա Յումբերը եւ Ամբրուազ Դյուպոնը:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում:  Նախնական գնահատականներով, օրինագիծը կընդունվի նաեւ Սենատում: