«Ֆրանսիայի Սենատի համարձակ քվեարկությունն Ատլանտյան օվկիանոսը հատող լույս էր` ուղղված ամերիկյան քաղաքական գործիչներին, որոնք արդեն երկար ժամանակ Անկարային թույլատրում են խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»: Այդ մասին ասված է Վաշինգթոնում «Հայ դատի» գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ, որն արվել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի վավերացման կապակցությամբ:

«Թուրքիայի նկատմամբ աճող միջազգային ճնշումները եւ ԱՄՆ 42 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վկայում են այն մասին, որ նախագահ Օբաման, որը թեկնածու եղած ժամանակ խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, օտար պետությանը թույլ է տվել խանգարել ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, օտար պետությանը թույլ է տվել խանգարել ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել իբրեւ մարդկության դեմ հանցագործություն:

Մենք նախագահ Օբամային կոչ ենք անում հարգել իր տված խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին կոչ ենք անում քննարկման դնել Ցեղասպանության ճանաչման մասին 304 բանաձեւը»,-ասել է նա:

Հիշեցնենք, հունվարի 23-ին ութժամյա քննարկումից հետո Ֆրանսիայի Սենատը 127«կողմ» եւ 86 «դեմ»  ձայներով ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը քրեական պատիժ է նախատեսում ցեղասպանությունների` Հոլոքոստի եւ Ցեղասպանության հերքման համար:

Ավելի վաղ օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից:

Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Վալերի Բուայեն: Նրա ներկայացրած օրինագիծը պաշտպանել էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների մեծ մասը: