ԱՄՆ-ն Ֆրանսիայի ուղին չի ընտրի եւ Օսմանյան Թուրքիայի օրոք կատարված Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար քրեական պատիժ չի սահմանի: Այս մասին իր գերատեսչության աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Մեր ուժեղագույն կողմերից մեկն այն է, որ մենք խոսքերը չենք քրեականացնում: Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն ինչ, ինչ ցանկանում են, եւ մեր երկրում նրանք այդպես էլ անում են: Այլ երկրներ, այդ թվում` մեր մտերիմ բարեկամներն ու դաշնակիցները, այնպես, ինչպես Ֆրանսիան, այլ չափանիշներ ունեն: Բայց մենք, հուսով եմ, խոսքերը քրեականացնելու ուղին երբեք չենք ընտրի», - Քլինթոնի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Քլինթոնն ընդգծել է, որ այդ թեմայով քննարկումները պետք է վարեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները:

Նրա խոսքով` որքան էլ սարսափելի են այս կամ այն իրադարձությունները, որքան էլ ուժգին էմոցիաներ են առաջացնում մարդկանց մեջ, գործադիր իշխանությանը պատմական վեճը լուծելու համար օգտագործելը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ-ի հայկական համայնքները, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջորդ «մարտը» կծավալվի Վաշինգթոնում:

«Ողջ ուշադրությունն այժմ ուղղված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային», - հայտարարել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Ամբարյանը:

ԱՄՆ-ի հայկական համայնքը վաղուց է ձգտում նրան, որ Կոնգրեսը բանաձեւ ընդունի 1915թ.` Օսմանյան կայսրության վերջին օրերին, հայերի զանգվածային կոտորածների փաստը ճանաչելու վերաբերյալ:
Այդ օրենսդրական նախաձեռնությունը Կոնգրեսում անցկացնելու փորձերը քանիցս կատարվել են, սակայն հաջողությամբ չեն պսակվել:

«Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացումն» ընդունելու հետ մեկտեղ ԱՄՆ կառավարությունը, սակայն, երբեք չի արտաբերել «ցեղասպանություն» բառը:

Բարաք Օբաման դեռեւս իր նախընտրական քարոզարշավում կողմ էր արտահայտվում այն բանին, որ կառավարությունը բացեիբաց ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Սակայն նախագահական պաշտոնն ստանձնելուց հետո նա ջանասիրաբար խուսափում է այդ թեմայով հրապարակային խոսելուց, որպեսզի ԱՄՆ-ի կարեւոր գործընկերոջ` Թուրքիայի հետ հարաբերությունները չփչանան:

Բացի այդ, երբ 2010թ. մարտին գործը հասավ Ներկայացուցիչների պալատի վճռորոշ քվեարկությանը, Օբամայի վարչակազմը արեց ամեն հնարավորը, որ այն չկայանա, գրում է vesti.ru-ն: