Ֆրանսիացի այն սենտորները, ովքեր ստորագրել են Սահմանադրական խորհուրդ ուղարկված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ  դիմումը, Թուրքիայի ազդեցության տակ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռոն Ալպի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը:  Նրա խոսքով` այս դիմումը վկայում է Ֆրանսիայի ներքաղաքական կյանքի վրա Թուրքիայի ազդեցության մասին:

«Թուրքիայի դեսպանն անձամբ նամակով դիմել է օրինագծին դեմ քվեարկած բոլոր սենատորներին` կոչ անելով հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ` Սահմանադրական խորհուրդ դիմելու համար»,-ասաց Չոբոյանը`ավելացնելով, որ այդ դիմումն անբնական է եւ թուրքական ազդեցության արդյունք: Սահմանադրական խորհուրդը մեկ ամիս ժամանակ ունի` եզրակացություն տալու համար:

Անդրադառնալով Սահմանադրական խորհրդի կողմից օրենքը հակասահմանադրական ճանաչելու հավանականությանը` Չոբոյանն ասաց. «Սահմանադրության շատ մասնագետներ են օրենքի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնել մամուլում` այն չի հակասում Հիմնական օրենքին: Սակայն քաղաքական որոշ նկատառումներ կարող են հանգեցնել խորհրդի կողմից օրենքի չեղյալ հայտարարմանը, առավել եւս, որ նրա անդամներից շատերը դեմ են  հանդես գալիս այս նախաձեռնությանը, այդ թվում` Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան Լուի Դեբրեն»:

Նշենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր` հունվարի 31-ի առավոտյան, ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումը: Հավաքվել է 72 սենատորի ստորագրություն, թեեւ Սահմանադրական խորհուրդ դիմելու համար անհրաժեշտ էր ընդամենը 60 ստորագրություն:

Հիշեցնենք,  որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը  127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը: