Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելը զուտ տեխնիկապես շատ դժվար կլինի: Այսօր` փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման միտք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա` Իրանի եւ Արեւմուտքի փոխադարձ ագրեսիվ հայտարարությունները հռետորաբանության մակարդակի պատերազմ են, ոչ ավելին: 

«2012 թվականի Իրանը դժվար է համեմատել 1991 թվականի Իրաքի հետ: Տարբերվում է նրա ե’ւ բանակը, ե’ւ բնակչության քանակը, ե’ւ այդ բնակչության վերաբերմունքն իշխանության նկատմամբ», - նշել է Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ԱԷՄԳ-ի առաքելությունը վերադարձել է Իրան կատարած եռօրյա այցից, որտեղ Թեհրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններ է վարել: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն հայտարարել են Իրանից նավթի արտահանման պատժամիջոցների մասին այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է կատարել ՄԱԿ-ի  բանաձեւի դրույթները` հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից, ինչպես նաեւ ԱԷՄԳ-ի համար իր օբյեկտների մուտքը մատչելի դարձնել: 

Իրանի հետ սառեցված բանակցությունները վերսկսվել են այս տարի, սակայն Իրանը միայն միջազգային հարցեր քննարկելու պատրաստակամություն է հայտնել, որոնք չեն առնչվում միջուկային ծրագրին, որն, ըստ նրա, արվում է խաղաղ նպատակներով: