Ինձ ավելի շատ հայ եմ համարում, քան բրազիլացի, «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։

Բրազիլիայում ինչ-որ մեկը հետաքրքրվո՞ւմ է ձեզանով։

Հեռանալուց հետո մի քանի հարցազրույցներ եմ տվել։ Լրագրողների հետ զրուցել եմ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով։ Զանգեր եմ ստացել իմ հայրենի եւ մի քանի այլ քաղաքների թերթերից։ Ինձանով սկսեցին հետաքրքվել Հայաստան տեղափոխվելուցս հետո։

Ո՞րն է քո հայրենի քաղաքը։

Լեմին, այն գտնվում է Սան Պաուլու նահանգում։ Ընտանիքս ոչ հարուստ էր, ոչ էլ աղքատ։ Բրազիլիան մեծ երկիր է եւ այնտեղ ամեն ինչ կա նորմալ կյանք վարելու համար, սակայն սննդի հետ լուրջ խնդիրներ կան։ Ո՞վ է մեղավոր։ Քաղաքականությունը...

Ընտանիքդ հիմա Բրազիլիայո՞ւմ է։

Այո, երբ մրցաշրջանն ավարտվում է, անմիջապես այցելում եմ նրանց։

Ովքե՞ր են ձեր ծնողները։

Հայրս դարպասապահ է եղել, իսկ մայրս իմ, եղբորս եւ քրոջս դաստիրակությամբ է զբաղվել։ Ես դասից տուն էի վերադառնում եւ ֆուտբոլի գնդակից բացի ոչինչ չէի տեսնում։ Սակայն դա սովորական պատմություն է. բոլոր բրազիլացիներն են այդպիսին են։

Երեւի ձեր հայրը ցանկացել է երբեւե որդուն տեսնել Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով... Ինչ ասաց նա, երբ իմացավ, որ հանդես ես գալու Հայաստանի հավաքականում։

Նա ասաց, որ պետք է վարվեմ այնպես, ինչպես ցանկանում եմ։ Եթե ես երջանիկ եմ, ընտանիքս միայն ուրախանում է դրանով։

Կուբանի մարզաշապիկը դեղին եւ կանաչ գույների համադրությամբ է։ Երեւի դա միակ հնարավորությունն է կրելու Բրազիլիայի գույները։

Այո, երեւի դա այդպես է։ Երբ ես 21 տարեկան էի, հրավեր ստացա «Արարատից» եւ առանց վարանելու ընդունեցի այդ առաջարկը։

Հիմա ձեզ բրազիլացի՞ եք համարում, թե՞ հայ։

Հայկական բրազիլացի։ Ավելի շատ հայ, քան բրազիլացի։

Ըստ ձեզ, ինչի՞ հաշվին Հայաստանի հավաքականն այդքան գրավիչ ֆուտբոլ ցուցադրեց Եվրո-2012-ի ընտրական մրաշարում։

Ֆուտբոլում գաղտնիքներ չկան։ Բոլորը գիտեն, թե ինչ պետք է անել, բայց ոչ բոլորն են կարողանում անել դա։ Մենք չէինք փորձում նմանվել «Բարսելոնային», ուղղակի ձգտում էինք լավ արդյունք ցուցադրել։ Բացի այդ, թիմում լավ կոլեկտիվ է ստեղծվել։ Մենք կարծես մեկ ընտանիք լինենք։

Իսկ ո՞վ է գլխավորն այդ ընտանիքում։

Մարզիչը, դարպասապահ Բերեզովսկին, թիմի ավագ Հովսեփյանը։ Նրանք ժամանակին «Զենիթում» են խաղացել։ Հովսեփյանն իդեալական ավագ է, իսկ Բերեզեվսկին կարծես հայր լինի բոլորիս համար։

Ո՞րն է ձեր սիրած վայրը եւ ուտեստը Հայաստանում։

Սիրում եմ զբոսնել Երեւանի կենտրոնական փողոցներով։ Կնոջս հետ միլիոն անգամ եղել եմ այնտեղ։ Ուտելիքներից շատ եմ սիրում բաստուրման։

Իսկ կոնյա՞կն ու գինի՞ն։

Երբեք չեմ փորձել։ Երեւի համեղ է, որ այդքան շատ են խոսում դրա մասին։

Խոսվում էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեծ գումարներ էր տալիս ընտրական փուլում հաղթանակների համար։

Բոլոր հավաքականներն էլ պարգեւավճարներ ստանում են։ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կարող էր Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել։ Երեւի հենց դրա համար էին մեզ մեծ գումարներ խոստացել։ Սակայն մենք չկարողացան կատարել առաջադրանքը։

Ինչքա՞ն էին խոստացել։

Չեմ կարող ասել։

Հայաստան - Ռուսաստան հանդպումից առաջ լուրեր էին պտտվում, որ խաղը պայմանավորված է։

Առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Մի բան հստակ է, որ դա ընկերական հանդիպում չէր, եւ ինչպես մենք, այնպես էլ մրցակիցը ձգտում էինք միայն հաղթանակի։ Երբեմն լրագրողներին դուր է գալիս մեր թիմի մասին տարբեր բաներ գրել։

Ի՞նչ գիտեք Կրասնոդար քաղաքի մասին։

Հայաստանի ընկերներս պատմել են, որ Կրասնոդարը մեծ քաղաք է, եւ այնտեղ ապրելը շատ հաճելի է։ Ուզում եմ ամեն ինչ իմանալ այդ քաղաքի մասին։ Յուրա Մովսիսյանն ասել է, որ կօգնի ինձ այստեղ։ Ընդհանրապես, «Կուբանում» լավ կոլեկտիվ է հավաքվել։

Մովսիսյանը ԱՄՆ-ում է մեծացել եւ ասում են, որ նա այնքան էլ լավ չի տիրապետում հայերենին։ Ո՞վ է ձեզանից ավելի լավ տիրապետում հայոց լեզվին։

Յուրան խոսում է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն։ Շփվում ենք երկու լեզվով։ Սկսել եմ նաեւ ռուսերեն սովորել։ Դեռեւս քիչ բառեր գիտեմ, սակայն ինձ շատ է դուր գալիս այս լեզուն։

Մովսիսյանը «Կրասնոդարի» հարձակման գծի առաջատարն է, իսկ «Կուբանը» «Կրասնոդարի» գլխավոր մրցակիցն է։ Վե՞րջ ընկերությանը։

Խաղադաշտում 90 րոպե մրցակիցներ կլինենք, իսկ խաղից հետո՝ ընկերներ։

 

Հիշեցնենք, որ Պիզելին Հայաստանի հավաքականի 4-րդ ներկայացուցիչն է, ով մրցաշրջանի երկրորդ հատվածում հանդես կգա ռուսական Պրեմիեր լիգայում։

Հրայր Մկոյանը տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ», Ռոման Բերեզովսկին՝ Մոսկվայի «Դինամո», իսկ Յուրա Մովսիսյանը հանդես է գալիս «Կրասնոդարում»։

Նալչիկի «Սպարտակի» շարքերը կարող է համալրել նաեւ Էդգար Մալաքյանը, ով այս օրերին փորձաշրջան է անցնում Նալչիկի թիմում։