Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2011 թ. ընդհուպ մոտեցել է 1 մլրդ դոլարին` նախորդ տարվա համեմատ աճելով 15.8 %-ով: Այդ մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը: Սակայն, նրա խոսքով, առեւտրաշրջանառության նման մակարդակը լիարժեք չի համապատասխանում այն լուրջ պոտենցիալին, որը դրված է 2 երկրների միջեւ փոխհարաբերությունների հիմքում:

Վ. Զուբկովն առաջին հերթին ընդգծեց էներգետիկ ոլորտում համագործակցության արդյունավետությունը: Նրա խոսքով` ռուսական ընկերությունները Հայաստանին կայուն կերպով գազ են մատակարարում, ակտիվորեն գործում են էլեկտրոէներգետիկայի ոլորտում: Մասնավորապես` շարունակվում են խոշոր ծրագրերը հիդրոէներգետիկայի ոլորտում, ավարտվել են աշխատանքները Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում, որտեղ ներկայում ընթանում են փորձնական շահագործման աշխատանքները:

«Առաջնահերթ է մնում համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում: Այն բխում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի շահերից»,- ասաց Վ. Զուբկովը:

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ովքեր նաեւ հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահներն են, ստորագրել են արձանագրություն՝ քննարկման արդյունքների հիման վրա, ինչպես նաեւ մինչ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության հայեցակարգը: