Թերթը գրում է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծես վճռական է տրամադրված հեթանոս Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան բերելու հարցում:

«Նախարարը օրերս նման ցանկություն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում: Սոցիալական այդ ցանցի իր ընկերներին առաջարկել էր միանալ եւ մի ընդհանուր գրությամբ` համապատասխան ստորագրություններով, դիմել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` պահանջելով Հայաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը:

Երեկ փորձեցինք պարզել Արմեն Աշոտյանը կոչից գործի անցե՞լ է, եւ ի՞նչ արձագանք է գտել նրա հայտարարությունը: Աշոտյանը մամուլի քարտուղարի միջոցով փոխանցեց միայն, որ իր կոչը մեծ արձագանք է գտել հատկապես երիտասարդների եւ ուսանողների շրջանում: Հենց նրանք էլ ստորագրահավաք են սկսել, որի ավարտին նրանց կմիանա նաեւ նախ նախարար Արմեն Աշոտյանը, եւ կդիմեն Մեծ Բրիտանիայի դեսպանատուն:

Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը արձագանքել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կոչին` դարձյալ ֆեյսբուքյան իր էջում: Դեսպան Քեյթի Լիչի, մեկնաբանելով Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ  գլուխը Հայաստան վերադարձնելու ցանկությունը, գրել է. «Բրիտանական թանգարանն, իրավամբ, պատկանում է աշխարհին. ամեն տարի մոտ 6 մլն այցելու անվճար մուտք ունի այնտեղ, եւ երկար տարիներ հնարավորինս տրամադրել է իր եզակի նմուշները` աշխարհով մեկ ցուցադրելու համար: Հրաշալի կլինի եթե փոխանակման այդպիսի ծրագիր իրականացվի Բրիտանական թանգարանի ու Հայաստանի պատմության պետական թանգարանի միջեւ»: Դեսպանն այսպիսով, փաստորեն, ակնարկել է արձանը ոչ թե վերադարձնելու, այլ` ժամանակավոր ցուցադրության ուղարկելու հնարավորության մասին»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: