Երգահան Հայկ Բոյաջյանը 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյակը  նշելու ավելի լավ միջոց չի գտնում, քան երաժշտությունը եւ արվեստը: Վերջիվերջո, ասում է նա, դա համընդհանուր լեզու է: Լեքսինգթոնում (ԱՄՆ, Մասաչուսեթս) ապրող երգահանը  «The Armenian Weekly»-ի լրագրողին պատմել է իր հաջողված կարիերայի մասին: 1958 թվականին Արգենտինայից ներգաղթելուց հետո Բոյաջյանն իր տեղն է զբաղեցրել դասական երաժշտության ասպարեզում` կամերայինից մինչեւ սիմֆոնիկ: 73-ամյա երգահանը Լեքսինգթոնում ապրում է կնոջ` Բրիջիթի հետ: Նրանք մի աղջիկ եւ երկու թոռ ունեն: NEWS.am-ը երգահանի հետ հարցազրույցից հատվածներ է մեջբերում.

Ե՞րբ է սկսվել Ձեր սերը երաժշտության նկատմամբ:

16 տարեկանում, երբ ես ապրում էի Բուենոս Այրեսում: Իմ հայրը դերձակ էր: Մայրս կարուձեւով էր զբաղվում: Մենք չորս եղբայր էինք, եղբայրներիցս ոչ ոք երաժիշտ չի դարձել: Ես սկսեցի դասական երաժշտություն լսել եւ այլեւս երբեք կանգ չառա:

Ինչպե՞ս Դուք կորակեիք Ձեր երաժշտությունը:

Ժամանակակից դասական ստեղծագործություններ, որոնք ընդգրկում են այս հարյուրամյակը:

Այն պահանջարկ ունի՞:

Սահմանափակ: Նույնիսկ Բեթհովենի ժամանակներում էր պահանջարկը սահմանափակ: Ավելի շատ մարդիկ են այս երաժշտությունն այսօր լսում, քան Բեթհովենի ժամանակներում` շնորհիվ մեր ունեցած զանգվածային լրատվամիջոցների եւ տեխնոլոգիաների:

Դիմե՞լ են Ձեզ արդյոք հայկական խմբեր, որպեսզի երաժշտություն գրեք:

Վերջին 40 տարիների ընթացքում միայն երկու անգամ: Առաջին անգամ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու համար, երաժշտությունը նվիրված էր նահատակներին, իսկ երկրորդ անգամ` Սուրբ Հակոբ եկեղեցու համար, երբ բանաստեղծ Հովհաննես Շիրազը մահացել էր 1980 թվականին, դա պիես էր շեփորի եւ հարվածային գործիքների համար, որը հետագայում կատարվել է Երեւանում: Ինձ ավելի շատ ընդունում է ամերիկյան հանրությունը, եւ դա անհանգստացնում է ինձ:

Դուք ո՞ւմ եք հարգում որպես ժամանակակից հայ կոմպոզիտոր:

Երեւանից Տիգրան Մանսուրյանին: Նա այս սերնդի ամենաերեւելի կոմպոզիտորն է: Ինչպես նաեւ Լեւոն Չավուշյանին, նույնպես Երեւանից:

Քանի՞ անգամ եք Դուք Հայաստանում եղել:

Տասը: Ես այնտեղ եմ գնում իմ ընկեր կոմպոզիտորներին այցելելու եւ համերգներ տալու համար: Ինձ նաեւ դուր է գալիս Հայաստանի զբոսաշրջությունը:

Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Հայաստանից:

Տնտեսական տեսակետից պայմանները ծանր են ֆինանսավորման բացակայության պատճառով: Եթե Հայաստանն ունենար բաց սահման, դա նրա օգտին կլիներ: Մենք ավելի մեծ առաջընթաց ունենք` համեմատած նախորդ սերնդի հետ: Սակայն տուժում է արվեստը: Մարդիկ միջոցներ չունեն համերգներ այցելելու: Կատարողներին չեն վճարում: Լավ երաժիշտները հեռանում են, որ նվագեն այլ վայրում: Փրկում է զբոսաշրջությունը:

Ինչպե՞ս մենք պետք է նշենք Հայոց ցեղասպանության հարյուրամյակը 2015 թվականին:

Հայկական բոլոր եկեղեցիների եւ կազմակերպությունների մասնակցությամբ բազմամշակութային միջոցառմամբ, որը մեր գործի շրջանակներից դուրս կգա եւ մեզ մեծ զանգվածային կերպով կներկայացնի ամերիկյան հանրությանը: Պետք է ուշադրություն դարձնենք արվեստին եւ երաժշտությանը: Սրանց միջոցով մենք կարող ենք փոխանցել մեր զգացմունքներն այնպես, որ ուրիշների համար ընկալելի դառնան: Այս միջոցները խոսում են բոլորի համար հասկանալի լեզվով: