Ղարաբաղի Ասկերանի զորամասերից մեկում, փետրվարի 20-ին, 19-ամյա զինվոր Հրաչ Խլղաթյանին կախված են գտել, սակայն նրա կյանքը հնարավոր է եղել փրկել: NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, որ տեղի է ունեցել ինքնասպանության փորձ, հավելելով, որ Հրաչ Խլղաթյանը բանակ է զորակոչվել Արարատի զինկոմիսարիատից:

Նրա խոսքով, փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելու) առաջին մասի հատկանիշներով: Ընթանում է նախաքննություն:

Ըստ Մերի Սարգսյանի, ներկա դրությամբ, ձերբակալվածներ ու կասկածյալներ չկան: Հրաչ Խլղաթյանը տեղափոխվել է Էրեբունիի զինվորական հոսպիտալ:

NEWS.am-ի տեղեկություններով, զինվորին կախված են գտել զորամասի ճաշարանի հարակից կիսակառույց շենքում: Ավելի ուշ զինվորները նկատել են նրան կախված վիճակում: Բարեբախտաբար հաջողվել է փրկել զինվորի կյանքը:

Հրաչ Խլղաթյանը նոր է դուրս եկել կոմայից եւ բժիշկները նրան թույլ չեն տալիս խոսել: Նա բանակ է զորակոչվել 2011թ-ի աշնանը: