Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող հենակետում ժամկետային զինծառայողի սպանության գործով մեկ այլ ժամկետային զինծառայող է ձերբակալվել:

Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ փետրվարի 23-ին ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Ալբերտ Արմենակի Ադիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային ծառայության քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ վերջինը սպանվել է ոչ թե հակառակորդի, այլ համածառայակցի` նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Իգնատ Աշոտի Ենգիբարյանի կողմից արձակված գնդակից: Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քր.օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ քննչական ծառայության, Ենգիբարյանն էլ տարածել է Ադիբեկյանի` հակառակորդի կողմից սպանվելու վարկածը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ Ադիբեկյանը սպանվել է հակառակորդի արձակած գնդակից: Մինչդեռ Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը ասել էր, թե Ադիբեկյանը սպանվել է ծառայակցի կողմից: «Առաջին վայրկյանից էլ պարզ էր, որ զինվորը սպանվել էր ծառայակցի կողմից, քանի որ վիրավորում ստացել էր որովայնի շրջանում: Հակառակորդի դիպուկահարը նման վնասվածք տեխնիկապես հասցնել չէր կարող»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը` նշելով, որ ծառայակիցը Ադիբեկյանի վրա կրակել է 7 մետրից:

Ալբերտ Ադիբեկյանը զորակոչվել էր Երեւանի Մաշտոցի զինկոմիսարիատից: Նա բնակվում էր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: