Սփյուռքի հայ համայնքները Հայաստանի համար անփոխարինելի ուժ են, որի միասնական գործողությունների դեպքում մեծ արդյունքների կարել է հասնել: Այս մասին Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Բելգիայի հայ համայնքը երկու պետությունները կապող կամուրջ է, որի հզորացումը նաեւ կարող է նպաստել Հայաստանի եւ Բելգիայի հարաբերությունների զարգացմանը:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Բրյուսելից, նախագահի հետ հանդիպմանը ներկա էին Հայ եկեղեցու Բելգիայի թեմի առաջնորդ տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը, Հայաստան-Բելգիա առեւտրատնտեսական պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը, Բելգիայի հայկական կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանը, «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության նախագահ Մայքլ Քեմբեքը, ինչպես նաեւ հայտնի հայազգի այլ գործիչներ Բրյուսելից, Լիեժից եւ Անտվերպենից:

Հավաքվածները Հայաստանի նախագահին անհանգստություն հայտնեցին, որ Ադրբեջանը ակտիվացրել է քարոզչական ջանքերը, եւ հետաքրքրվեցին Հայաստանի քայլերով:

Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը աշխատանքներ է կատարում դրա դեմ, եւ ավելի դրական դիրքում է, քանի որ ցանկացած լոբբիստ չի կարող շրջանցել այն փաստը, որ Ադրբեջանում կան հիսունից ավելի քաղբանտարկյալներ, եւ մարդու իրավունքների կոպիտ խախտման բազմաթիվ դեպքեր, որոնց մասին նշում են միջազգային կազմակերպությունները իրենց զեկույցներում:

Բելգիահայերին հետաքրքրում էր նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը:

Նախագահը տեղեկացրեց, որ փաստն այն է, որ դրանք այժմ գտնվում են Թուրքիայի խորհրդարանում:

Համայնքին ի թիվս բազմաթիվ հարցերի հետաքրքրում էր նաեւ Հայաստանի հետ կապերի ամրապնդումը, որի կապակցությամբ նախագահը նկատեց, որ Սփյուռքի նախարարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնց արդյունքը տեսանելի կլինի ապագայում:

Նախագահն իր խոսքում ընդգծեց, որ համայնքի ակտիվացման դեպքում կապերը կակտիվանան ոչ միայն Հայաստանի հետ, այլեւ այն պետության հետ, որտեղ ապրում է հայ համայնքը:

Նշենք, որ Բելգիայում այժմ ապրում են 25-30 հազար հայեր: Համայնքը ձեւավորվել է 1915թ. ցեղասպանությունից փրկվածներից: Մոտ երկու հարյուր ընտանիքները կոտորածից փախչելով ապաստանել են Բելգիայում: Վերջին տարիներին հայերը Բելգիա են գաղթել Հայաստանից եւ հետխորհրդային երկրներից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բելգիահայոց թեմի առաջնորդ տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը նշեց, որ համայնքը ներքին կյանքի կազմակերպչական խնդիրներ ունի, որոնք փորձում են լուծել: Բրյուսելում գործում է հայկական մեկ եկեղեցի, ինչպես նաեւ կիրակնօրյա դպրոց: