Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` մարտի 6-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում հանդիպել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Հանդիպման ժամանակ, որը տեւել է շուրջ 40 րոպե, կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը, Բրյուսելից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղպահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: «ՆԱՏՕ-ն ու Հայաստանը շատ ընդհանուր քաղաքական առաջնահերթություններ ու շահեր ունեն անվտանգության ոլորտում: Մենք երկար տարիներ կառուցել ենք մեր երկխոսությունն ու համագործակցությունը: Մեր հարաբերություններն իրենց ներդրումն են բերում տարածաշրջանային եւ եվրատլանտյան անվտանգության ապահովման հարցում»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Թույլ տվեք ընդգծել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարեւոր նշանակություն ունի Դաշինքի համար, իսկ Հայաստանը կարեւոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար»,-հայտարարել է նա:

Ռասմուսենը նաեւ ընդգծել է, որ Չիկագոյում քննարկվելու է Աֆղանստանում տիրող իրավիճակը, մասնավորապես, 2014-ից հետո ստեղծվելիք իրավիճակը, երբ «աֆղանական ուժերը ամբողջական պատասխանատվություն կկրեն երկրի ողջ տարածքում անվտանգության ապահովման համար»:

«Որպես ISAF-ի մասնակից, Հայաստանը կմասնակցի այդ հարցերի քննարկմանը»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ Սարգսյան-Ռասմուսեն հանդիպման ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստման հարցերը, որը կայանալու է մայիսին` Չիկագոյում: