ՆԱՏՕ-ն մտադրություններ չունի ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում, եւ մենք նույնիսկ չենք մասնակցում խաղաղ գործընթացին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով եւ անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ Ջեյմս Ափաթուրայը, հայտնում է «Atlantic-community.org» կայքը:

Ի պատասխան հարցին, թե  ինչպիսի՞ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել ՆԱՏՕ-ն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան հիմնախնդրում, Ջեյմս Ափաթուրայն ասել է. «Բանն այն է, որ մենք հույս ունենք, որ դա երբեք տեղի չի ունենա: ՆԱՏՕ-ն մտադրություններ, ծրագրեր չունի ներգրավվել ղարաբաղյան հիմախնդրում, եւ մենք նույնիսկ խաղաղ գործընթացին չենք մասնակցում, որը ներկայումս ընթանում է, իհարկե, երկու երկրների նախագահների, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի` այսպես կոչված մինսկյան գործընթացի ղեկավարության ներքո: 

Ընդ որում, ես մտածում եմ, որ համախոհները մտավախություն ունեն մինսկյան գործընթացի իրավիճակի վերաբերյալ: Մենք այստեղ` ՆԱՏՕ-ի գրասենյակում, վերջին մի քանի շաբաթներում երկու երկրների նախագահներից էլ լսել ենք, որ  նրանք հավատարիմ են այդ գործընթացին, հավատարիմ են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն իրականությունն այնպիսին է, որ մինսկյան գործընթացը բախվել է որոշակի բարդությունների, հատկապես վերջերս, եւ որ երկու երկրների միջեւ առկա մտահոգիչ հռետորաբանությունը եւ  երկու երկրների կողմից էլ մեծ քանակությամբ զենքի ձեռքբերումը:

Սա տարածաշրջան է, որը, հավանաբար, հարկ եղածի չափ ուշադրության չի արժանանում միջազգային լրատվամիջոցների կողմից:

Այն իր աշխարհագրական դիրքի, պոտենցիալի եւ Էներգիայի տարանցման ու մատակարարման գործում իր դերի շնորհիվ ռազմավարական կարեւոր նշանակություն ունի: Այդ պատճառով, շատ ու շատ կարեւոր է, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչքան կարելի է արագ` միջազգային իրավունքի սկզբունքները պահպանելով: Այնպես որ մենք հույս ունենք, որ այն կկարգավորվի, բայց, վերադառնալով տվյալ հարցի ընդգծված մասին, կնշեմ, որ ՆԱՏՕ-ն ընդգրկված չէ այդ ճգնաժամում, բացառությամբ  Մինսկի խմբին եւ խաղաղ կարգավորմանը աջակցելու նկատառումների»: