Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` մարտի 20-ին, շարունակվել է պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը, որը սկանդալային ընթացք է ունեցել: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, նիստի սկզբում շարունակվել է Նազարյանի տեղակալ, ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանի հարցաքննությունը: Նա շարունակել է խոսափողական պատասխաններ տալ: Հովհաննիսյանի ցուցմունքից պարզվել է, որ ռազմական ոստիկանությունում իրենց հետին ամսաթվով ստորագրել տվել քննչական գործողությունների արձանագրություններ, որոնց Հովհաննիսյանը չի մասնակցել:

Հաջորդը ցուցմունք է տվել ավագ սերժանտ Ռաֆայել Էվոյանը, ով հարեւան հենակետի ավագն է եղել: Վերջինս նախաքննական ցուցմունքից արմատապես տարբերվող ցուցմունք է տվել: Դատախազները հրապարակել են նրա նախաքննական ցուցմունքը, եւ Էվոյանը սկանդալային հայտարարություն է արել, ասելով, թե ինքը նման ցուցմունք չի տվել, գրված ոչ մի բառ ճիշտ չէ: Նա նշել է, թե մի անգամ` դեպքից կես ամիս անց ցուցմունք է տվել` օգոստոսին, մինչդեռ նախաքննական ցուցմունքը թվագրված էր հոկտեմբերի 13-ով: Վկան պնդել է, որ ինքը նման բաներ չի ասել, խոստովանել է, որ քննիչի թելադրությամբ է գրել եւ ստորագրել վերջին պարբերությունը` «Ամեն ինչ ճիշտ է, գրված է իմ ձեռքով, որի համար ստորագրում եմ», սակայն քննիչի գրի առած ցուցմունքը չի կարդացել, ոչ էլ քննիչն է կարդացել իր համար. իրականում ցուցմունքը կազմում է մեկ-մեկուկես էջ, մինչդեռ գործում առկա ցուցմունքը մի քանի էջ է կազմում: Նա նշել է, թե քննիչն է իրեն թելադրել ցուցմունքը, նաեւ չի բացառել, որ իր ստորագրությունը կարող էին կեղծել: Վկան դատարանին խնդրել է հաշվի առնել դատարանում տված ցուցմունքը: Բացահայտվել է նաեւ, որ քննիչը գործում փոփոխություններ է արել, ամսաթվեր փոխել: 

Ծովինար Նազարյանն ու տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը բացարկի միջնորդություն են ներկայացրել դատախազ Հարություն Հարությունյանի դեմ` հիմնավորելով, որ հենց նրա վերահսկողությամբ է քննվել գործը եւ քննիչ Լեւոն Պետրոսյանը կեղծ ցուցմունքներ է գրել ու ստորագրել:

Դատավոր Սամվել Մարդանյանը նիստը հետաձգել է մինչեւ մարտի 27-ը, հաջորդ նիստում դատավորը որոշում է կայացնելու բացարկի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցների՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը:

Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը: