Կանզասում, մարտի 20-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում գործնական քննարկումներ է ունեցել Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի, նահանգի կոնգրեսի սենատի նախագահ Մորրիսի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Օ՛Նիլի հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային քոլեջի ուսումնակրթական գործընթացը, ինչպես նաեւ հեռարշավային դաշտային բուժապահովման կարողությունները:

Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբեքի հետ հանդիպման ժամանակ արձանագրվել է «Նահանգային գործընկերության ծրագրով» Հայաստանի եւ Կանզասի միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ դրա ընդլայնման ու խորացման ներուժը:  Նահանգապետը հանդիսավոր պայմաններում ստորագրել է Հայաստանի եւ Կանզասի միջեւ համագործակցության վերաբերյալ հռչակագիր, որում մասնավորապես նշված է.

«Կանզասը հպարտությամբ ազդարարում է նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզասի եւ Հայաստանի միջեւ անցած ինը տարիների ընթացքում ծավալված համագործակության առաջընթացը:

Կանզասն արժեւորում է ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում Հայաստանի Հանրապետության ԶՈւ զինծառայողների ծառայության բարձր մակարդակը եւ նրանց կրած դժվարությունները:

Կանզասը հանձնառու է ապահովել Հայաստանի Հանրապետության հետ տեւական յուրահատուկ հարաբերությունների շարունակականությունը եւ հետագա համագործակցության ընդլայնումը:

Կանզասը եւ Հայաստանը գործընկերության շրջանակներում կանգնած են կողք կողքի` հանուն խաղաղության, բարեկեցության եւ ազատության»: