PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը  քրդական Firat գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման եւ բուֆերային գոտի ստեղծելու մասին պնդումներին։

Քարայլըանը նշել է, թե ԱՄՆ-ի եւ Եվրոպական մի շարք երկրների աջակցությամբ Թուրքիան նախապատաստվում է միջամտություն իրականացնել Սիրայում՝ մասնավորապես բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ։  «Նախորդ շաբաթվա լուրերը, թե հարյուրավոր սիրիացիներ ապաստանել են Թուրքիայում, նպատակ ունեն Թուրքիայի միջամտության համար հող նախապատրաստել։ Բացահայտ ասում եմ, եթե Թուրքիան Արեւմտյան Քուրդիստանի ժողովրդի (Սիրիայի տարածքի քրդաբնակ շրջաններ) դեմ ռազմական գործողություններ սկսի, ամբողջ Քուրդիստանը (Թուրքիայի արեւելյան նահանգներ) պատերազմի դաշտի կվերածվի։

Իր երկրի ներսում բռնություն ու ֆաշիզմ կիրառող, երկրի քուրդ քաղաքացիների ամենափոքր իրավունքները նույնիսկ չճանաչող Թուրքիան ինչպես կարող է Սիրիային ժողովրդավարություն եւ ազատություն բերել։ Թուրքիան դրանով ո՞ւմ է ուզում խաբել։ Արեւմուտքն իր կեղտոտ շահերի համար աչք է փակել սրա վրա»,-ասել է Քարայլըանը։