Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է կայքի նոր տարբերակը, որտեղ տեղակայված է ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը:

Ընտրությունների հրապարակայնության և թափանցիկության, ընտրական գործընթացի նկատմամբ հանարային վստահության, ընտրողների իրազեկման մակարդակի բարձրացման ապահովման ճանապարհին կարեւորելով տեղեկատվության հասանելիությունը` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարության մեջ նշված է. «Կայքը մատուցվում է նոր ձևավորմամբ: Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ ընտրական հանձնաժողովների տնօրինության տակ գտնվող ողջ տեղեկատվությանը, ընտրական օրենսդրությանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերին, ընտրական գործընթացներին վերաբերող միջոցառումներին: Մենք կարեւորում ենք յուրաքանչյուր ընտրողի տեղեկացված լինելու իրավունքը և հուսով ենք` www.elections.am կայքը կծառայի այդ նպատակին»:

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Հերթական խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան», Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, Ռաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը եւ «Միավորված հայեր» կուսակցությունը:

Եւս 41 պատգամավոր կընտրվի մեծամասնական համակարգով: 13  ընտրատարածք է ձեւավորվել Երեւանում, 28-ը` շրջաններում: Մեծամասնական համակարգով ընտրություններին ցանկանում են մասնակցել 180 թեկնածու: