«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանել է իր թեկնածությունը Երեւանի թիվ 7 ընտրատարածքից, որտեղ առաջադրվել էին նաեւ գործարար Սամվել Ալեքսանյանն ու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Այսօր` մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, թե վերջին օրերին հանդիպումներ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի եւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ` քննարկելու յուրաքանչյուր ընտրատարածքում մեկական թեկնածուի սատարելու իր առաջարկը: «Ժառանգությունը», մասնավորապես, առաջարկել էր 21 ընտրատարածքներում սատարել ՀԱԿ-ի, 7-ում` «Ժառանգության» թեկնածուներին, սակայն Հայ ազգային կոնգրեսը մերժել է նրա առաջարկը:

«Մեր առաջարկը մերժվեց եւ ես ցավում եմ դրա համար: Սա ընդդիմադիր պահվածքի, ամբիցիաների, ինքնասիրության հարց էր: Ես որոշեցի ինքնաբացարկ հայտարարել եւ իմ թեկնածությունը հանել թիվ 7 ընտրատարածքից: Այդուհանդերձ, ամենայն բարիք ու հաջողություններ եմ մաղթում իշխանական ու ընդդիմադիր բոլոր թեկնածուներին, ովքեր պետք է մասնակցեն առաջիկա ԱԺ ընտրություններին»,- նշեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին վերջին պահին առաջադրվել էին Նիկոլ Փաշինյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ արդյունքում «Ժառանգությանը» մեղադրում էին ընդդիմությունը պառակտելու մեջ: Հովհաննիսյանը նախորդ ասուլիսում նշել էր, թե տեղյակ չի եղել Փաշինյանի առաջադրումից, այլապես չէր առաջադրվի: Նա նաեւ առաջարկել էր բոլոր տարածքներում թողնել ընդդիմության մեկական թեկնածու: