Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակին եւ մարտի 13-ին Մոսկվայի «Տվերբուլ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մյուս մասնակիցներին հարցաքննության են կանչել: Այդ մասին հայտնում է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հետաքննության շրջանակներում միջադեպի մասնակիցները կանչվել են քննչական գործողությունների համար: Բացի այդ, փորձաքննության են ուղարկվել կոտրված տեսախցիկի մնացորդները: Ստուգվում է նաեւ լրագրողներին մարմնական վնասվածքներ հասցնելու տեղեկությունները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am–ը, Մոսկվայում քրեական գործ էր հարուցվել ունեցվածքի կանխամտածված ոչնչացման մեղադրանքով` հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի եւ ընդդիմադիր Իլյա Յաշինի դեմ: Դրանից հետո Սոբչակը խոստացել էր հակընդդեմ հայց ներկայացնել News Media-ի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրիելյանովի դեմ:

Հայցի առարկա պետք է լինի «լրագրողին ծեծելու մասին ակնհայտ կեղծ տեղեկությունը»: «Վիրավորական է մասնակցել լայֆնյուզի էժանագին PR-ին: Բայց այն, որ փաստի առթիվ քրեական գործի չհարուցումը ցույց է տվել, որ Աշոտը ստախոս է, արդեն լավ է», -Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սոբչակը:

Խոսքը Canon ХА 10Е տեսախցիկի մասին է, որ պատկանում էր iNews-ի թղթակից Իսակովային: Նախնական տվյալներով, տեսախցիկը կոտրել էին հիշողության չիպը ոչնչացնելու համար: Սարքավորման արժեքը 114 հազար ռուբլի է:

Նշենք, որ News Media-ի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրիելյանովն ու iNews հոլդինգի երկու աշխատակցուհիներ ավելի վաղ ոստիկանությանը հայտնել էին, թե մարտի 13-ի գիշերը «Տվերբուլ» ռեստորանում ծեծել են լրագորղներին: Դիմումատուների խոսքով, Սոբչակը, Յաշինն ու Անաստասյա Օգնեւան ծեծել են մի լրագրողուհու, իսկ ֆոտոթղթակցի սարքավորումը կոտրել են: