Հայաստանը կմասնակցի «Եվրանեսթի» («Արեւելյան գործընկերության» անդամ-երկրների խորհրդարանական վեհաժողովի) լիագումար նիստին, որը տեղի կունենա ապրիլի 1-4-ին` Բաքվում: Այդ մասին, այսօր` մարտի 26-ին, ասուլիսում հայտնել է ԱԺ-ում հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` նշելով, որ Բաքուն արդեն անվտանգության երաշխիքներ է ներկայացրել, եւ հայկական կողմը պատրաստ է ուղեւորվել Ադրբեջանի մայրաքաղաք:

Սահակյանի խոսքով, Ադրբեջանում քաղաքական որոշ շրջանակներ արհեստականորեն սրում են իրադրությունը` սպառնալով դեմարշ կազմակերպել հայկական պատվիրակության դեմ. «Հասկանալի է, որ դա «պատվերով համերգ է»: Եթե մենք գնանք Ադրբեջան, նշանակում է, որ մենք ասելիք ունենք, եւ ոչ միայն Եվրանեսթի ենթատեքստում: Եթե կարիք լինի, մենք կարող են լուրջ փաստարկներ առաջ քաշել` կապված Ղարաբաղի հետ»:

Պատգամավորը նաեւ նշել է, որ Ադրբեջան կմեկնեն ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Մասնավորապես, հայական պատվիրակության մեջ կընդգրկվի 10 պատգամավոր:

Սահակյանը հայտնել է, որ Հայաստանը նիստի ընթացքում կներկայացնի զեկույցներ եւ բանաձեւեր` քաղաքական հարցերով, տնտեսական ինտեգրացիայով, էներգետիկ անվտանգության, սոցիալական հարցերով, մշակույթի, կրթության եւ քաղաքացիական հասարակության հանձնաժողովներում: