«Աշտարակ Կաթը» հայտարարություն է տարածել, որում հերքում է Հայաստանի սնունդի, մասնավորապես պանրի շուկայում իր կողմից դեմպինգային քաղաքականություն իրականացնելու մասին տարածված լուրերը։ Ընկերության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում նշված է.

«Օրերս լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն էր տպագրվել, որտեղ, հիմք ընդունելով անհայտ պանրագործների խոսքերը, հայտարարվում էր, թե իբր  «Աշտարակ Կաթ»  ընկերությունը պանրի շուկայում դեմպինգ, այսինքն  գների կտրուկ իջեցում է իրականացնում:  Ըստ հայտարարության հեղինակների,  դրա  պատճառով ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ,  եւ  իբր  իրենք (անհայտ պանրագործները)  դուրս են մնում արդար  մրցակցությունից: Իրենց խոսքերը  հիմնավորելու համար  նույն անհայտ «պանրագործները»  տեղեկատվություն են տարածել, թե  «Աշտարակ Կաթը»  մեծ քանակությամբ  պանիր է արտահանել Ռուսաստան, սակայն դրա  մեծ մասը հետ է դարձվել եւ  ընկերությունը հենց այդ պանիրն էլ  էժան գներով   հանել է  շուկա:

Դեմպինգի շուրջ վերը նշված  հրապարակումը ճշմարտության հետ առհասարակ որեւէ առնչություն չունի: «Աշտարակ Կաթ»  ընկերությունը  2011-12-ին ընդհանրապես որեւէ երկիր պանիր չի արտահանել: Ասվածի մեջ հեշտությամբ կարելի է համոզվել` ընդամենը դիմելով ՀՀ մաքսային մարմիններին:  Ճշտումներ կատարելու համար կարելի էր հարցում կատարել նաեւ «Աշտարակ Կաթին»:

Ինչ վերաբերվում է  ընկերության պանրի որակին, հարկ ենք համարում նշել, որ ընկերության արտադրած պանիրը մշտապես աչքի է ընկել իր համային եւ որակական բարձր հատկանիշներով, ինչի  վկայությունը ոչ միայն  սպառողների  երկարամյա  վստահությունն է, այլ նաեւ հեղինակավոր ստուգատեսներում շահած բազմաթիվ մրցանակները:

Ի դեպ,  ճշտումներ չեն կատարվել շուկայում վաճավող ինչպես մեր, այնպես էլ այլ ընկերությունների արտադրած պանրի գների մասին նույնպես:  «Աշտարակ Կաթ»  ընկերության պանիրը վաճառվում է ոչ թե 1600 դրամով, ինչպես նշված է նյութում, այլ՝ 1700:  Ավելին, 1600 դրամով «Աշտարակ Կաթը»  պանիր չի էլ վաճառել: Մինչդեռ  կան  ընկերություններ, որոնք  իրենց պանիրը վաճառում են  հենց այդ գնով  եւ անգամ  ավելի    էժան:

Ի  գիտություն բոլոր շահագրգիռ կողմերի՝ հայտնում ենք, որ  «Աշտարակ Կաթի» պանրի գների նվազեցումը իրականացվել է  միայն այն բանից հետո, երբ  հիմնականում բոլոր  մրցակից ընկերությունները, 2012թ-ի  հունվարից  սկսած, զգալիորեն իջեցրել էին այդ գները: Ընդ որում՝ շուկայում «Աշտարակ Կաթի» պանիրը շարունակում է մնալ ամենաթանկերից մեկը:   Նշված հանգամանքներում, դեմպինգի՝ մրցակցությունից դուրս թողնելու  մասին  ակնհայտորեն ստահոդ լուրեր տարածողներ են հանդիսանում անբարեխիղճ այն արտադրողները, որոնք ի վիճակի չեն գործել արդար մրցակցային դաշտում: