2011 թ. ԼՂՀ այցելել են 11362 օտարերկրյա քաղաքացիներ, որն ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 թ. ցուցանիշները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունից:

Զբոսաշրջիկների աշխարհագրությունը չափազանց լայն է եւ տարեցտարի ավելի է ընդլայնվում: 2011 թ. ԼՂՀ այցելել են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Մալայզիայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Գաբոնի, Քենիայի, Կոտ-դ’Իվուարի, ՀԱՀ, Կուբայի, Սինգապուրի, Չինաստանի, Ինդոնեզիայի եւ այլ երկրների քաղաքացիներ: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ օտարերկրացիների մշտապես աճող հետաքրքրության մասին վկայում է նաեւ այն փաստը, որ երկրամասը ավելի հաճախ է ընդգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային երկրների վարկանիշում: Ժամանելով Արցախ, հյուրերը հաճախ այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի (մ.թ.ա. I դար), հնագույն Ազոխի քարանձավ, հայկական հինավուրց ամրոցներ եւ այլն: Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն պատմական հուշարձանները, կուսական բնությունը, առողջ միջավայրը, այլեւ արցախցիների սիրալիրությունը, բարյացակամությունը եւ հյուրընկալությունը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը: Այս եւ շատ ուրիշ բաների մասին կարելի է իմանալ դիտելով «Ղարաբաղ` թաքնված գանձ» ֆիլմը: