Թերթը գրում է, որ հեղուկ վառելանյութի գները Հայաստանում այս տարի արագորեն բարձրանում են։ Միայն վերջին երկու ամսվա ընթացքում բենզինը թանկացել է լիտրի հաշվով 50 դրամով։ Եթե մինչ այդ գները բարձրանում էին 10-ական դրամով, ապա երկու օր առաջ բենզինը թանկացավ միանգամից 20 դրամով։ 

Վառելանյութի հայաստանյան շուկայում գների բարձրացման միտումներ նկատվեցին հունվարի վերջին. թանկացավ 10 դրամով։ Սակայն դա ավելի շատ պայմանավորված էր ոչ թե արտաքին շուկաներում գրանցված գնային տեղաշարժերով, որքան ներքին հարկային օրենսդրության փոփոխություններով։ 

Դրան հաջորդող մեկուկես ամսվա ընթացքում բենզինի գները Հայաստանում բարձրացան եւս երկու անգամ՝ 10-ական դրամով։ Հերթական թանկացումն արդեն լիտրի հաշվով 20 դրամ էր։ Արդեն բավական տեւական ժամանակ վառելայնութի շուկայում միանգամից 20 դրամի թանկացում չէր գրանցվել։

Անցած շաբաթ օրը գները միաժամանակ բարձրացան ինչպես «Սիթի Պետրոլ Գրուպի», այնպես էլ «Ֆլեշի» բենզալցակայաններում։ 

Դրանից հետո մայրաքաղաքի բենզալցակայանների մեծ մասում «ռեգուլյար» տիպի բենզինի գինը մոտեցավ 500 դրամին, իսկ «պրեմիումինը» նույնիսկ գերազանցեց 500 դրամը։ Նախկին 370-ի փոխարեն ներկայումս արդեն «ռեգուլյարը» վաճառվում է 490 դրամով, իսկ «պրեմիումը»՝ 390-ի փոխարեն՝ 510 դրամով։ «Սուպեր» տեսակի բենզինի գինը հասավ մինչեւ 540 դրամի։ 

Թեեւ վառելանյութի շուկայում ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող ընկերություններից մեկի՝ «Միկայի» բենզալցակայաններում գները 10 դրամով ցածր են, այնուհանդերձ այս ընկերության մասնաբաժինը շուկայում շատ ավելի փոքր է (տատանվում է 6-7 տոկոսի սահմաններում)։ 

Այսպիսով կարելի է արձանագրել, որ բենզինի գները Հայաստանում նոր ռեկորդ են սահմանում։ Երբեւէ այնքան բարձր չեն եղել, ինչպես այժմ։ Նույնիսկ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Հայաստանում սահմանափակվեցին բենզինի իրացման ծավալները, գներն այդքան բարձր չէին։ 

Ի դեպ, այս անգամ թանկացել է նաեւ դիզելային վառելանյութը։ Ճիշտ է, այս շուկայում գնաճային ճնշումը համեմատաբար փոքր է։ Բենզինի գների 50 դրամ բարձրացման պայմաններում դիզելային վառելանյութն այս տարի թանկացել է 20 դրամով։ Ընդ որում, 10 դրամով` երկու օր առաջ։ Ներկայումս դիզելային վառելանյութը մայրաքաղաքի բենզալցակայանների մեծ մասում վաճառվում է 460 դրամով։ Եթե մի պահ «ռեգուլյար» տիպի բենզինի եւ դիզելային վառելանյութի գները գրեթե հավասարվել էին, ապա այժմ ակնհայտ է, որ դրանց տարբերությունը խորացման միտում ունի։ 

Բենզինի եւ դիզելի գների հերթական աճը բնականաբար պայմանավորված է առաջին հերթին վառելանյութի համաշխարհային շուկայում ընթացող զարգացումներով։ Որ այստեղ եւս գները բարձրանում են, փաստ է։ 

«Բրենդ» տեսակի նավթի 1 բարելի գինը գերազանցում է 125 դոլարը։ Լոնդոնի բորսայում վերջին սակարկությունների ժամանակ մայիսյան ֆուչերսային գները միանգամից բարձրացան շուրջ 2 դոլարով։ 
Նավթի գները բարձրացել են նաեւ Նյու Յորքի բորսայում։ Ամերիկյան թեթեւ նավթի մայիսյան ֆուչերսային գներն այստեղ տատանվում են բարելի դիմաց 107 դոլարի սահմաններում։ Մարտի 23-ի սակարկությունների ժամանակ գները բարձրացան ավելի քան 1,5 դոլարով։ 

Վառելանյութի միջազգային շուկայում առկա հերթական դրսեւորումները պայմանավորված են առաջին հերթին համաշխարհային տնտեսության մեջ նկատվող դրական միտումներով, թեեւ բնականաբար դրանք իրենց վրա կրում են նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությունը։ Պատահական չէ, որ նավթամթերքների գների աճ համաշխարհային շուկայում արձանագրվեց նաեւ անցած ամսվա ընթացքում (փետրվարին բարձրացան ավելի քան 4,5 տոկոսով)։ Միտումը պահպանվում է նաեւ այժմ։

Չնայած վառելանյութի համաշխարհային շուկայում ձեւավորված բարձր գներին, այնուհանդերձ դրանք բավականաչափ հեռու են ռեկորդային լինելուց։ Գները շատ ավելի բարձր էին 2008թ. առաջին կեսին։ Մի պահ նավթի մեկ բարելի գինը հասավ մինչեւ 140 դոլարի։ 

Ներքին շուկայում գների բարձրացումը բնականաբար պայմանավորված է առաջին հերթին արտաքին դրսեւորումներով։ Սակայն չի բացառվում, որ հերթական թանկացումների գործում իր ուղղակի ազդեցությունն է ունեցել նաեւ շուկայի խոշոր խաղացողներից մեկի նկատմամբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կիրառած մեծ տուգանքը։ 
Ինչպես հայտնի է, վերջերս գերիշխող դիրքը չարաշահելու եւ փոքր ընկերություններին սնանկացնելու մեղադրանքով վառելանյութ ներկրող եւ իրացնող ամենախոշոր ընկերությունը՝ «Սիթի Պետրոլ Գրուպը», տուգանվեց 100 մլն դրամով։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ վերջինս իր լցակայաններում բենզինն իրացնում էր գրեթե մեծածախ գներով, ինչը մրցակցային օրենքի խախտում է։ 

Իսկ դրա վերացումը բնականաբար ենթադրում է մանրածախ գների բարձրացում։