Թերթը գրում է, որ Հայաստանի բոլոր 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները այս կիրակի համարակալել են իրենց տարածքների տեղամասերը: «Երեկվա դրությամբ ԿԸՀ-ն դեռեւս չէր հրապարակել տեղամասերի ընդհանուր ցանկը: Սակայն, առանձին ընտրատարածքներից ստացվող տվյալների համաձայն, ընտրատարածքներում տեղամասերի թվի աճ է տեղի ունեցել: Մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքի տեղամասերի թիվը, 2007-ի Աժ ընտրությունների համեմատ, երեքով ավելացել է եւ դարձել 35, իսկ ընտրողների թիվն ավելացել է մոտ 5 հազար 500-ով: Թիվ 8 ընտրատարածքում ընտրողների թիվը, 2007-ի համեմատ, ավելացել է մոտ 2 հազարով, իսկ տեղամասերի թիվը` երկուսով եւ դարձել 35: Դեռեւս այս տարվա սկզբին ԿԸՀ-ն հայտարարել էր, որ Երեւանի ընտրատարածքներից փոփոխություն պետք է տեղի ունենար թիվ 9 եւ 10 ընտրատարածքներում: Մասնավորապես հայտարարվել էր, որ թիվ 10-ի ընտրողներից մի փոքր հատված տեղափոխվելու էր թիվ 9-ի կազմ: Ենթադրվում է, որ այսօր ոստիկանությունը պետք է հրապարակի ՀՀ ընտրողների ամբողջական ցանկը, ինչից հետո արդեն պարզ կդառնա, թե ընտրողների էլ ինչ տեղաշարժեր են տեղի ունեցել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: