Թուրքիան չի բավարարվում տարածաշրջանային տերության կարգավիճակով եւ ձգտում է գլոբալ մասշտաբի դերակատարության: Այսօր` մարտի 27-ին, մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ Արիստակես Սիմավորյանը:

Նրա կարծիքով, նման ձգտումը կապված է, առաջին հերթին, այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

«2004-2010 թվականներին նրա կողմից բազմիցս հնչել են հայտարարություններ այն մասին, որ Թուրքիայի դերը տարածաշրջանում չպետք է սահմանափակվի մշակութային կամուրջ լինելով: Թուրքիան պետք է պետք է խաղա ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ գլոբալ տերության դերը»,-նշել է նա ու հավելել. «Դրա համար հիմնավորում կա. եւ տնտեսական աճ, (ճիշտ է այն ուղեցվել է գործազրկության աճով, որը քաղաքներում հասել է 7-12 տոկոսի), եւ միջուկային ծրագրեր: Այլ խնդիր է, թե արդյոք Թուրքիային կհաջողվի՞ իրականացնել իր ձգտումներն առաջիկա տարիներին: Արաբական աշխարհի օրինակի վրա կարելի է տեսնել, որ Թուրքիան փորձելով ներգրավվել այդ գործընթացներում, խճճվել է եւ վնասել իր հեղինակությանը»: