Հրատարակվել է մահմեդական աշխարհում հայտնի պրոֆեսոր Մոլավի Աշրաֆ Ալի Թանվիի «Նվեր մահմեդական զույգին» գիրքը, որը կոչված է երիտասարդ մահմեդականներին բացահայտել ամուսնական կյանքի գաղտնիքները: Գիրքը հայտնվել է նաեւ Տորոնտոյի կրպակներում: Նրանում մանրամասն դիտարկվում են կնոջը վերահսկելու միջոցները, ինչպես նաեւ նրան սպառնալու եւ ֆիզիկական ազդեցության միջոցները:

Հեղինակը չի բացառում, որ տղամարդը կարող է ղեկավարել կնոջը ֆիզիկական ուժ եւ սպառնալիքներ կիրառելով, այնուամենայնիվ, նա պետք է նրա հետ սիրալիր լինի, նույնիսկ այն դեպքում, եթե կինը  «հիմար կամ անշնորհք է»:

Գրքում նաեւ մանրամասն նկարագրվում է, թե ինչով եւ ինչի համար է կարելի ծեծել կնոջը. եթե նա չի բավարարում ամուսնու բոլոր ցանկությունները, ապա կնոջը կարելի է պատժել ձեռքով կամ փայտով ծեծելով, փողից զրկելով, ինչպես նաեւ ականջը քաշելով:
Քարոզիչը չի մոռանում նաեւ ամուսնուն խորհուրդ տալ չափը չանցնել:

Կանադացի քաղաքական գործիչ, գրող եւ շարիաթի մոլի հակառակորդ Թարեք Ֆաթահը Կանադայի խանութներում նման գրքի հայտնվելու մեջ սպառնալիք է տեսնում:  Նրա խոսքով` դեռ վերջերս նման իրողությունը անհավանական կթվար:

 «Մենք չենք կարող ասել, որ արմատական իսլամը գալիս է Կանադա... Այն արդեն այստեղ է», - ընդգծել է Ֆաթահը: