ԿԺԴՀ-ն չի հրաժարվի արբանյակ բաց թողնելու մտադրությունից, չնայած համաշխարհային հանրության քննադատություններին:

Կենտրոնական հեռագրային գործակալությունը հաղորդել է, որ արբանյակը երկրին հարկավոր է եղանակի կանխատեսման համար:

Հաղորդագրությունում նշվում է, որ «արբանյակը մեծապես կնպաստի եղանակի կանխատեսմանը, ինչն անհրաժեշտ է գյուղատնտեսության եւ տնտեսական այլ նպատակների համար», հաղորդում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ արեւմտյան մի  շարք երկրներ դատապարտել են ԿԺԴՀ-ի որոշումը: Ճապոնիան անգամ իր զորքերը մարտական պատրաստականության վիճակի է բերել` զգուշանալով, որ արբանյակի փոխարեն Փհենյանը բալիստիկական հրթիռ բաց կթողնի:

Սեուլի միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովի ընթացքում անհանգստություն է հայտնվել Հյուսիսային Կորեայի տիեզերական ծրագրերի կապակցությամբ:

Արբանյակի մեկնարկը տեղի կունենա Փհենյան-պուկտո նահանգի Չոլսան կիրճի տիեզերակայանից` ապրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում` ի պատիվ ԿԺԴՀ-ի հիմնադիր  Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի: