Ուելսի  (Մեծ Բրիտանիա) Ազգային ասամբլեայի անդամների մեծամասնությունը ստորագրել են «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» կարծիքների հռչակագիրը չորս շաբաթից էլ քիչ ժամկետում: Այդ մասին հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն` հղում անելով Մեծ Բրիտանիայում հայերի անխոնջ պաշտպան Էյլիան Ուիլյամսի պաշտոնական հաղորդագրությանը:

Ուելսի Ազգային ասամբլեայի 60 անդամներից միայն 45-ն են մասնակցում նման հռչակագրերի քվեարկությանը: Ներկա պահին ներկայացված 32 ստորագրությունները մեծամասնություն են` երկու երրորդից ավելի: Հարկավոր է պարզել` արդյոք նման իրադարձության համար օր սահմանելը Ազգային ասամբլեայի իրավասությունների շրջանակում է, թե  կառավարության (իրավաբանական առանձին մարմին): Ուելսի Ասամբլեայի կառավարությունը կազմված է լեյբորիստական կուսակցության 12 նախարարներից, որոնք սովորաբար ընդունում են Մեծ Բրիտանիայի կառավարության ուղղվածությունը, երբ գործը հասնում է Հայաստանին: Սակայն ավելի ու ավելի դժվար կլինի պաշտպանել նման դիրքորոշումը, քանի որ այն ուելսական ժողովրդավարությանը անհաճո տեսք կհաղորդի:

 «Մենք այնքան համոզված էինք, որ ուելսացի քաղաքական գործիչները կհետեւեն իրենց խղճին` չենթարկվելով Լոնդոնի ճնշումներին, որ մարտի 30-ին Սնոուդոն լեռան ստորոտին` Նանթ Փերիս գյուղի Ռեհոբոթ վանքում, համերգ էինք ծրագրել` նվիրված պատմական այդ հաջողությանը: Այդ միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի դեսպան նորին գերազանցություն Կարինե Ղազինյանը եւ  սուրբ եպիսկոպոս Վահան Հովհաննիսյանը` Հայ եկեղեցու առաջնորդը Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում: Աղոթքներ կհնչեն Հայաստանի եւ Ուելսի նահատակների պատվին:  Զոհաբերությունները կհատկացվեն «Օրրան» ասոցիացիային, որը հոգ է տանում կարիքավոր երեխաների մասին: Ասոցիացիայի համահիմնադիր Արա Գրիգորյանը հանդես կգա ելույթով», – իր պաշտոնական հաղորդագրության մեջ գրում է  Էյլիան Ուիլյամսը:

Պրեսբիտերեկան Ռեհոբոթ վանքի եւ Հայաստանի կապը սկսվել է 1896թ.-ից, երբ Նանթ Փերիս գյուղի քրիստոնյաները 6 ֆունտ գումար հավաքեցին հայերին օգնելու համար:

Այդ գումարը, որը  համարժեք է այսօրվա 2000 ֆունտին, պատկերացում է տալիս այն զգացմունքների մասին, որոնք փոքր գյուղում հարուցել էին այդ թվականին հայերի զանգվածային ջարդերը:

Մարտի 31-ին հայ հյուրերի համար նախատեսվում է Սնոուդոնի մագլցում` Ուելսի եւ Հայաստանի համար աղոթելու նպատակով: Ուելսի ասամբլեայի բոլոր անդամները հրավիրված են նրանց ուղեկցելու, ինչպես նաեւ` համերգին մասնակցելու: