Լոս Անջելոսի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսին Բոբի Բրաունին: Տղամարդը ձերբակալվել է հարբած վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով:

Ուիթնի Հյուսթոնի հարազատները հենց Բոբի Բրաունին են համարում ողբերգության գլխավոր մեղավորը, որն ավարտվել է 49 տարեկան  երգչուհու մահվամբ: Ըստ հարազատների` նրանց ամուսնական կյանքն ուղեկցվել է բռնությամբ, մշտական վեճերով եւ ոստիկանություն բերման ենթարկելով, որն էլ հանգեցրել էր  այն բանին, որ Հյուսթոնը դիմել է ալկոհոլին եւ թմրանյութերին, հայտնում է PenzaNews-ը:

Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը վախճանվել էր փետրվարի 12-ի գիշերը` կիրակի օրը: Նրա մարմինը հայտնաբերվել էր հյուրանոցի համարի լոգարանում: Ավելի ուշ հրապարակվել էին փորձագիտության տվյալները, ըստ որոնց երգչուհին մահացել էր խեղդվելու հետեւանքով: Իրենց դերն են կատարել երգչուհու սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունը, ինչպես նաեւ ալկոհոլի եւ կոկաինի օգտագործումը: 

Անմիջապես երգչուհու մահվանից հետո պարզվել էր, որ նրա 19-ամյա դուստրը` Բոբի Քրիստինան եւս չարաշահում է արգելված դեղամիջոցներ: