Հայաստանի տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) միջեւ այսօր` մարտի 27-ին, ստորագրվել է «Երկամյա աշխատանքային  2012-2013 թթ. ծրագրի»-ի վերաբերյալ համագործակցության հուշագիր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստաթուղթն ստորագրել են 3ոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Կողմերն այնուհետեւ քննարկել են հետագա համագործակցության հարցեր: Ա. Գեւորգյանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերը: Մասնավորապես` անդրադարձել են Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման լայնածավալ գործընթացին: Փոխվարչապետը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը շարունակում են գտնվել կառավարության ուշադարության կենտրոնում: Նա նաեւ նշել է, որ ակնկալում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի աջակցությունը` երեխաների թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերում եւ կարեւորում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  անաչառ գնահատականը իրավիճակի եւ կառավարության կողմից  այդ ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ: Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներից նշվել է  սոցիալական ինտեգրացված ծառայությունների ստեղծման գործընթացը, որի արդյունքում մատուցվող ծառայություններն առավել հասցեական եւ որակյալ կդառնան:

Հենրիետ Արենսը եւս հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել` նկատելով, որ վերջին տարիներին Հայաստանի կառավարության աշխատանքները ուղղված են եղել երեխաների պաշտպանության  ոլորտում առավել խնդրահարույց հարցերի լուծմանը, եւ արդյունքները տեսանելի են: