Լոռիի մարզում այսօր` մարտի 27-ին, հերթական քարաթափումն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, դեպքն այս անգամ գրանցվել է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում: Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել Լոռիի փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Թեեւ թափված քարերն իրենց չափերով փոքր են եղել, սակայն քարաթափման վտանգը նշված հատվածում դեռ առկա է: Դեպքի վայր ժամանած փրկարարները ճանապարհը մաքրել են, ներկա պահին այն անցանելի է, սակայն քարաթափումները այսքանով չեն սահմանափակվելու, հատկապես գարնանային ձնհալների եւ հեղեղների ժամանակ, երբ հողը թուլանում է ու սկսում սահել:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում քարաթափման վայրում հավաքվածներն ասել են, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը գնալով էլ ավելի վտանգավոր է դառնում, ու իրենք առավել զգոնություն են ցուցաբերում, քանի որ սարից թափվող քարերը կարող են ընկնել մեքենաների վրա, ինչի հետեւանքները անդառնալի կլինեն: Ըստ նրանց, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել խնդրին, աշխատանքներ պետք է տարվեն թուլացած քարերը հեռացնելու եւ տարածքը գոնե մինիմալ անվտանգ դարձնելու:

Հավելենք, որ սա այս ամսվա քարաթափման արդեն երկրորդ դեպքն է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին: Առավել վտանգավոր գոտում է նաեւ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի