Այս պահին պետք էր, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը փոխվի` այսպես  էլ եղավ, ոչ մի խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի վարչության արդեն նախկին  պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը:

Հարցին, թե այս որոշումն իր համար անակնկա՞լ էր, նա պատասխանեց. «Ի՞նչ անակնկալի մասին է խոսքը: Ես ծառայության մեջ եմ, իսկ ծառայության մեջ ամեն ինչ լինում է»:

Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք այս որոշումը կապ ունի առաջիկա ընտրությունների եւ քաղաքական զարգացումների հետ, ինչին ի պատասխան Գ. Ամիրխանյանն ասաց. «Չէ, ինչ քաղաքականության մասին է խոսքը: Չկա նման բան, սա զուտ ծառայողական է եւ այստեղ քաղաքական խնդիրներ չկան: Ես ինքս էլ քաղաքականության հետ կապ չունեմ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետ, ոստիկանության գնդապետ՝ Գրիշա Ամիրխանյանը, ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը ոստիկանության կադրերի ռեզերվից նշանակվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, իսկ Կոտայքի մարզի վարչության պետ, ոստիկանության գնդապետ՝ Գրիշա Ամիրխանյանը վերցվել է կադրերի ռեզերվ: