Նյու Յորք - Լաս Վեգաս չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Թեքսասում` օդանավի հրամանատարի հոգեկան խանգարման պատճառով:
Սկզբնապես հաղորդվել էր, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, քանի որ 135 ուղեւորներով JetBlue օդանավի անձնակազմի հրամանատարն իրեն վատ է զգացել: Սակայն ավելի ուշ հայտնի են դարձել տվյալ դեպքի դրամատիկական մանրամասները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով Sky News հեռուստաալիքին:
Չվերթի ուղեւորները պատմել են, որ թռիչքից մոտավորապես երեքուկես ժամ անց հրամանատարը դուրս է եկել խցիկից եւ իրեն տարօրինակ է պահել` փորձելով խոսել սրահի մարդկանց հետ: Հետո նա փորձելէ վերադառնալ խցիկ, սակայն դուռը ներսից փակ է եղել. ամենայն հավանակամնությամբ կապիտանի պահվածքը մինչ այդ տարօրինակ է եղել, եւ օդաչուները որոշել են փակվել նրանից:
Դրանից հետո հրամանատարը ծայրաստիճան հուզված վիճակում է հայտնվել. հասկանալով, որ դուռը չեն բացի, նա սկսել է վազել սրահով եւ գոռալ. «Իրաք: «Ալ Կաիդա»: Ահաբեկչություն: Մենք վայր ենք ընկնում: Աղոթեք»:
Ինքնաթիռի ուղեւորներից մեկը հասցրել է այդ նոպան տեսագրել իր բջջային հեռախոսի տեսախցիկով եւ տեսագրությունը տեղադրել է YouTube կայքում: Նրանում լսվում է, թե ինչպես գիտակցությունը մթագնած կապիտանը բարձր բղավում է «ռումբ» բառը:
Բարձրաձայն կապով ուղեկցորդուհիներից մեկն ուղեւորներին խնդրել է հանգստացմել աղմկարար հրամանատարին: Չորս տղամարդ, որոնց շարքում եղել է նյույորքյան պաշտոնաթող ոստիկան, բռնել են խելագարին:
Երջանիկ պատահականությամբ, ուղեւորներից մեկը եղել է քաղաքացիական ավիացիայի հրամանատար: Նրա շնորհիվ ինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել թեքսասյան Ամարիլյո օդանավակայանում: Պատահարի մեղավորը տեղափոխվել է շտապօգնության մեքենայով: