Թերթը գրում է, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, թե «Ջերմուկի Մայր գործարանը» վաճառվել է: «Սակայն ըստ մեր տեղեկությունների` գործարանը ոչ թե վաճառվել է, այլ շուրջ 1 ամիս առաջ տրվել է հավատարմագրային կառավարման:

Ըստ տեղեկությունների` գործարանի սեփականատեր, ամերիկահայ Կայծակ Զեթլյանը դրա ղեկավրումը վստահել է «Սպայկա» ընկերությանը, որը զբաղվում է մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ, հյութերի արտադրությամբ եւ այլն: Զեթլյանը այլ բիզնեսով զբաղվածության պատճառով է գործարանը հավատարմագրային կառավարման հանձնել:

Խոսակցություններ կան, որ «Ջերմուկի Մայր գործարանով» մինչ պայմանավորվածության ձեռքբերումը հետաքրքրված են եղել նաեւ Զանգեզոուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը եւ Սաշիկ Սարգսյանը:

Թե ինչ պայմանավորվածություններ կան կողմերի միջև` դեռ հստակ չէ: Սակայն գործարանի մի քանի հարյուր աշխատողներ այսօր մտավախություն ունեն առաջիկայում աշխատակազմում հնարավոր փոփոխությունների առումով: Կրճատումների մասին լուրջ խոսակցություններ թեպետ չեն եղել, սակայն աշխատակիցները մտահոգվում են, որ իրենք պարզապես կարող են փոխարինվել այլ մարդկանցով:

Այսօր «Ջերմուկ» հանքային ջրի բազմաթիվ արտադրողներ կան շուկայում: Մայր գործարանի արտադրածը համարվում է ջերմուկներից «ամենաէլեգանտը»»,- գրում է «Հայացք»-ը: