16-ամյա թուրք աղջկան սպանելու համար նրա հայրն ու պապը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել անչափահաս աղջկան կենդանի թաղելու մեջ: Ընտանիքի տղամարդիկ հայտարարել են, որ աղջիկը «վիրավորել է ընտանիքի պատիվը»:

Մեդինե Մեմիի դեպքը, ով հացթուխ Այհան Մեմիի 9 երեխաներից մեկն է, լուրջ արձագանք է ստացել թուրքական լրատվամիջոցներում:

Աղջիկն անհետացել է 2009-ի հոկտեմբերին: Այն ժամանակ ընտանիքը հարեւաններին բացատրել է, որ չգիտի, թե ուր է կորել աղջիկը: 6 շաբաթ անց ոստիկանները անանուն նամակ են ստացել, որի հետքերով նրանց տան հավանոցի մոտ փոսում գտել են աղջկա մարմինը: Նա մահացել է կապված ձեռքերով` նստած վիճակում: Քննությունը պարզել է, որ նրա ստամոքսում եւ թոքերում հող է եղել, ինչը նշանակում է, որ թաղելու ժամանակ նա դեռ կենդանի է եղել:

Ոստիկանությունում աղջկա հայրը հայտարարել է, որ իր դուստրը ընկերություն էր անում տղաների հետ եւ դա իրեն դուր չէր գալիս, հաղորդում է «Սեդմիցան»:

Համաձայն աղջկա բողոքների, հայրն ու պապը մշտապես ծեծել են աղջկան եւ նրա մորը, ինչպես նաեւ ստիպել մասնակցել «ընտանեկան բիզնեսին»` կապված ծխախոտի մաքսանենգության հետ:

Մեդինեն պաշտպանություն է հայցել ոստիկանությունից: Հոր հայտարարության համաձայն, երբ ընտանիքում իմացել են, որ 16-ամյա Մեդինեն ոստիկանություն է դիմել, պապը ծեծել է նրան: Մեդինեն ընկել է փոսը եւ կորցրել գիտակցությունը: Նրանք, իբր, կարծել են, թե աղջիկը մահացած է եւ թաղել են նրան: Իսկ թե ինչու են Մեդինեի ձեռքերը կապված եղել, մարդասպանները հոդաբաշխ պատասխան չեն կարողացել տալ: