Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ արդարադատության նախարարության կազմում ընդգրկված «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը քաղաքացիների մեծամասնության կողմից ընկալվում է որպես Ազգային անվտանգության ծառայության կառույց,  եւ իր ամենօրյա կազմակերպչական բնույթի լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է ԱԱԾ ներքին կանոնների համաձայն:  Թեեւ եղել են որոշակի քննարկումներ, այնուամենայնիվ իրավիճակը մնացել է նույնը եւ խնդրին հնարավոր կլինի լուծում տալ ՀՀ արդարադատության նախարարության  «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից դուրս բերելով միայն:

Առանձին դեպքերում,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել քաղաքացիներ եւ հայտնել,  որ  սահմանային անցակետի տեսուչները` խախտելով ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի  ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերին ընդունված թիվ 821 որոշման պահանջները, վերցրել են քաղաքացու անձնագիրն առանց դրա հիմքերն ունենալու (առկա է եղել ենթադրաբար կեղծ վիզա կամ այլ պատճառ)` հետագայում հրաժարվելով այն վերադարձնել: Հետագա խնդիրներից խուսափելու համար նշված քաղաքացիները չեն ցանկացել իրենց գործերին ընթացք տալ:  Չնայած ԱԱԾ պատրաստակամությանը՝  բողոքի առկայության պայմաններում ուսումնասիրելու նմանատիպ ցանկացած դեպք եւ խստորեն պատժելու կարգազանց տեսուչներին, այնուամենայնիվ գտնում ենք, որ անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ բացառելու համար նման դեպքերը:

Եղել են դեպքեր, երբ ծառայությունը մերժել է քաղաքացիներին տրամադրել իրենց վերաբերյալ տեղեկություններ: Այսպես, քաղաքացին ցանկացել է ԱԱԾ-ից վերցնել տեղեկանք այն մասին, թե վերջին անգամ երբ է հատել պետության օդային կամ ցամաքային սահմանը, սակայն ստացել է պատասխան՝ պատճառաբանությամբ, թե տվյալները չեն պահպանվում: ԱԱԾ-ն ներկայացրել է հիմնավոր պատճառաբանումներ, որ հարցված տեղեկատվությունը օբյեկտիվ պատճառներով եւ օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան չի պահպանվել: Գտնում ենք, որ պետք է համապատասխան իրավական ակտերով սահմանվի այն բոլոր դեպքերն ու պայմանները, երբ  քաղաքացիները կարող են ստանալ վերոնշյալ տեղեկությունը, քանի որ անձին իր վերաբերյալ տեղեկությունների չտրամադրումը հանգեցնում է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի խախտմանը:

Պաշտպանին հասցեագրված ԱԱԾ-ի  դեմ ուղղված դիմում-բողոքները որոշ դեպքերում վերաբերել են նաեւ ԱԱԾ քննչական վարչության աշխատակիցների գործողություններին՝ օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն չիրականացնելուն: Պաշտպանի լիազորությունները նախաքննության ընթացքում խիստ սահմանափակ են, ինչի պատճառով էլ քաղաքացիների դիմումներով հիմնականում կայացվել է կա՛մ դիմողին իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին, կա՛մ դիմումը չքննարկելու մասին որոշումներ:

Դրական է այն, որ 2011 թվականի ընթացքում ԱԱԾ մարմինների օպերատիվ աշխատանքների արդյունքում կանխվել են մի շարք լրտեսության դեպքեր, բացահայտվել են այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից կաշառակերության դեպքեր, մաքսանենգության դեպքեր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի կերպով հատելու դեպքեր»: