Ոստիկանությունն արձագանքել է մամուլի հրապարակմանը, ըստ որի, ոստիկանության կայքում Երեւանի թիվ 9 ընտրատարածքի ընտրացուցակներում իրար հետեւից նշված է 562 Լուսինե անուն, ինչը կասկածի տեղիք է տվել:

Ոստիկանության պարզաբանման մեջ նշվել է, որ դա վրիպակ է.

«Պարզվել է, որ 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություների ընտրացուցակները ՀՀ Ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան պատշաճ կերպով հանձնվել են թիվ 9 ընտրատարածքի 9/09 ընտրական տեղամասի կենտրոնը տիրապետողին:

Ընտրացուցակները հանձնելուց 1 ժամ անց պարզվել է, որ իրոք, տեխնիկական վրիպման հետեւանքով, 9/09 ընտրական տեղամասի ընտրացուցակներում ընդգրկված թվով 562 քաղաքացու անունները փոփոխվել են «Լուսինե» անվամբ:

Հիշյալ անհամապատասխանությունը անհապաղ շտկվել է եւ նույն օրը` 27.03.2012 թ.-ի մինչեւ ժամը 18.00-ն ընտրական տեղամասի տարածքը տիրապետողին է հանձնվել շտկված ընտրացուցակները:

Տեխնիկական վրիպման հետեւանքով անճշտություններ պարունակող ընտրացուցակները ոչնչացվել են:

Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակը համացանցում տեղադրելուն, ապա այդ ցուցակներն օրենքով սահմանված ժամկետում տեղադրվել են ոստիկանության պաշտոնական կայքում»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այս մասին նյութ էր հրապարակել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթն իր մարտի 28-ի «562 Լուսինե նույն ընտրացուցակում իրար հետեւից» վերտառությամբ հոդվածում: