Հայ ազգային կոնգրեսն իր նախընտրական ծրագիրը կհրապարակի մարտի  30-ին` հանրահավաքի օրը: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀԱԿ-ի արտաքին հարաբերություններին հանձնաժմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը, ով պատգամավորի թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 2 ընտրատարածքում:

Նրա խոսքով, ՀԱԿ-ի գլխավոր պահանջը մնում է իշխանափոխությունը եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Մենք մանրամասն բացատրել ենք, թե ինչու ենք նման պայմաններ դրել: Նախ իշխանությունները ձախողվել են թե ներքին, թե արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններում: Բոլոր խոստումները, որ ներառված  են ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերում (թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունների ժամանակ), չեն կատարվել: Ժողովուրդն ապրում է ավելի վատ, բյուջեն ավելի քիչ է, եթե հաշվենք դոլարի փոխարժեքով, ինչպես նաեւ ժողովուրդը չունի հեռանկար, հուսալքված է, իսկ արտագաղթն աճում է»,-ասաց նա:

Վլադիմիր Կարապետյանի խոսքով, այս ընտրությունները բոլորի համար հրաշալի առիթ են, որպեսզի ներկայացնեն իրենց ծրագրերը, տեսլականը, թե ինչպես են տեսնում Հայաստանի զարգացումն առաջիկայում: «Պետք է ամեն ինչ անենք, որ արթնացնենք ժողովրդին, բացատրենք, որ քվեն իսկապես ուժ է եւ քվեի միջոցով իսկապես կարող ենք հասնել փոփոխության: Սա մեր առաջին նպատակն է»,-ընդգծեց ՀԱԿ անդամը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի համամասնական ցուցակի մասին, Վ. Կարապետյանն ասաց, որ այնտեղ հանրության համար որեւէ անկնկալ չկա, ցուցակում ներառված են ճանաչված քաղաքական գործիչներ, մարդիկ որոնք վերջին չորս տարվա ընթացքում անհավասար պայքար են մղել իշխանության դեմ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի