NEWS.am-ը որոշ կրճատումներով մեջբերում է Ջո Մազուրայի հոդվածը, որը տպագրվել է «The Harvard Political Review»-ում:

Ամերիկյան տեսանկյունից կարելի է մտածել, որ ֆրանսիացիները չեն հասկանում, թե ինչ է կարծիքի արտահայտման ազատությունը: Բոլորովին վերջերս ֆրանսիական օրենսդիր մարմնի երկու պալատները ընդունեցին օրինագիծ, որը Օսմանյան կայսրությունում 1915–1923թթ. Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար 45 հազար եվրոյի չափով տուգանք էր նախատեսում (57 հազար դոլար): Օրինագծի ընդունման առաջընթացը դադարեցվեց միայն այն ժամանակ, երբ այն հանձնվեց երկրի գերագույն դատարանին` Սահմանադրական խորհրդին, որտեղ այն փետրվարին  ճանաչվեց հակասահմանադրական:

Թուրքիայի արդար դժգոհությունը կարող էր ավելի համոզիչ թվալ, եթե ակնհայտ կեղծիք չլիներ: Երբ Էրդողանը խորհրդարանում ելույթ ունենալով պնդում է, որ ֆրանսիական օրենքը «սպանեց խոսքի ազատությունը», նա, երեւում է, մոռանում է, որ   Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով  Թուրքիան անօրինականացրել է թուրք ժողովրդին, ազգությանը կամ կառավարոությանը հասցվող վիրավորանքը:  2005թ. ուժի մեջ մտնելուց հետո 301-րդ հոդվածը շատ անգամ օգտագործվել է գրողների, լրագրողների  եւ գիտնականների դատական հետապնդումների համար, ովքեր քննադատել են Ցեղասպանության կատաղի ժխտման թուրքական  քաղաքականությունը կամ այլ պատճառով հակամարտության մեջ են մտել վարչակարգի հետ: Այդ պատճառով թվում է, որ Էրդողանի  «խոսքի ազատության» սահմանումը ոչ թե անկողմնակալ, այլ քաղաքականապես ձեռնտու է: 

Ինչպիսին էլ որ լինեն  Հայոց ցեղասպանության  ժխտման օրինագծի ընդունման ֆրանսիական դրդապատճառները եւ անկախ նրանից, արդյոք նման օրենքը ոտնահարում է խոսքի ազատությունը, Թուրքիան պարզապես չի կարող հավակնել բարոյական բարձր մակարդակի, երբ խոսքը խոսքի ազատության մասին է:

Բացի այդ, օրինագծի վերաբերյալ Թուրքիայի հիստերիկ արձագանքը բացահայտ դարձրեց այն, որ երկիրը ստիպված է առերեսվել սեփական բարդ պատմությանը: «The Harvard Political Review»-ի հարցազրույցում Հարվարդի համալսարանի հայագետ պրոֆեսոր Ջեյմս Ռասսելը պարզաբանել է, թե ինչու է այդ օրենքն այդքան ուժեղ արձագանքի արժանացել Թուրքիայի կողմից:

«Բուն Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը իրենց մշակույթի հիմնաքարերից մեկն է: Թուրքական պետության կողմից պարբերաբար ջանքեր են գործադրվել ժխտելու ոչ միայն ցեղասպանության փաստը, այլեւ այն, որ այդ տարածքներում հայեր են ապրել: Ռասսելը նաեւ համարում է, որ ֆրանսիական օրենսդրությունը կարեւոր եւ վաղուց հասունացած ստուգում է իրական պայմաններում եւ հերքում է թուրքական պնդումները, թե օրինագիծը ռասիստական եւ իսլամատյաց է: «Դա հակաթուրքական ֆանատիզմի հարց չէ: Օրինագիծը ելնում է պատմությունը ճանաչելու ձգտումից»,-ասել է նա:

Իրականում Ռասսելը Ցեղասպանության ճանաչումը համարում է որպես քայլ, որը վերջնարդյունքում օգուտ կբերի Թուրքիային եւ հույս է հայտնում, որ նման ճանաչումը տարածում կստանա:

«Պետք է քաջալերել թուրքական քաղաքացիական արժեքների փոփոխությունները: Ես կարծում եմ, որ կենսունակ Թուրքիայի ապագան կախված է այդ հարցից: Այնտեղ մեծ առաջընթաց կա եւ այդ առաջընթացը շարունակվում է»,-ընդգծել է Ռասսելը:

Սակայն, ի վերջո, ֆրանսիական օրինագծի շուրջ վեճը դադարում է լինել Թուրքիայի պահարանում կմախքների կամ անգամ Հայոց ցեղասպանության մասին: Ավելի շուտ, դա լայն քննարկման ասպեկտներից է նրանց միջեւ, ովքեր ընդունում եւ սովորում են պատմական փաստերի վրա, եւ նրանց, ովքեր համառորեն շարունակում են ժխտել անժխտելին: Որքան էլ կարեւոր լինի Թուրքիայի եւ այլ երկրների համար Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը, զոհերի ժառանգներին հանցագործների ժառանգների հետ հաշտեցնելու համար, ճանաչման իրական նշանակությունը ապագա չարաշահումներից պաշտպանվելն է:

«Հայկական փորձը 20-րդ դարի վտանգավորության ազդակներից է: Որքան թաքցվում է հանցագործությունը, այնքան շատ է կեղծիքը զբաղեցնում ճշմարտության տեղը, ավելի են հեշտանում հետագա հանցագործությունները»,- պարզաբանում է Ռասսելը:

Թեեւ պատմական փաստի պահպանման ապահովման ֆրանսիական մեթոդները կարող են հակառակվել սահմանադրական ազատությունների ամերիկյան կոնցեպցիայի հետ եւ թուրքերի կողմից ընկալվում է որպես ազգային ինքնությանը հասվված վիրավորանք, կառավարությունը կարեւոր հարց է քննարկում, որն արժանի է աշխարհի ուշադրությանը: Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումից 100, իսկ Հոլոքոսթից 70 տարի անց աշխարհը դեռ չի մոտեցել զանգվածային սպանությունների վերացմանը: Կամբոջայում, Ռուանդայում, Հարավսլավիայում, Դարֆուրում իրադարձությունների ողբերգական գլուխները գրվել են պատմության գրքերում միլիոնավոր մարդկանց արյունով: Եթե «Այլեւս երբեք»-ը պետք է դառնա ավելին, քան կարգախոս, հնարավոր է` աշխարհի կառավարություններին չէր խանգարի ավելի ակտիվ դեր խաղալ նախկին դժբախտությունների հիշողության պահպանման գործում:

Ի վերջո, եղավ Հիտլերը, ով Լեհաստան ներխուժելու նախօրեին հարցրել էր. «Ո՞վ է այսօր խոսում հայերի սպանությունների մասին»: