Սինգապուր կատարած իր պետական այցելության ընթացքում, այսօր` մարտի 28-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի ամենաազդեցիկ կորպորացիաների եւ երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սինգապուրի գործարար շրջանակների ներկայացուցիչները հետաքրքրվել են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, քաղաքաշինության եւ քաղաքաշինական ծրագրավորման, ՀԷԿ-երի շինարարության, աղբահանության եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Սինգապուր կայցելեն նաեւ հայ գործարարները` բանակցություններն ու մտադրություններն ավելի որոշակի ծրագրերի վերածելու նպատակով:

Սինգապուրի Հանրապետություն Հայաստանի նախագահի պետական այցի առաջին օրվա ավարտին նախատեսված է նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից պետական ընթրիք: