Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 28-ին, ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան մասին:

Ալեքսանդր Հարությունյանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտության պատմության մեջ, եւ ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ եւ ականավոր ներկայացուցիչներից էր: Նա թողել է մեծ ու փառահեղ ժառանգություն, որ մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է եւ հարստությունը»: