Մարտի 28-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Եւրամիության պատվիրակության դեսպանատանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ:

ՀԱԿ լրատվական ծառայությունից հայտնում  են, որ հանդիպման նպատակն է եղել ԱԺ ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումների, ներկա իրավիճակի գնահատականի եւ առաջիկա անելիքիների մասին տեղեկատվություն ստանալը:

Դեսպանների խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման կապակցությամբ իր նկատառումները` հատկապես նշելով արդեն հրապարակված ընտրողների ցուցակի ուռճացվածության հարցը: Մասնավորապես ներկաների ուշադրությունն է հրավիրվել այն պարադոքսի վրա, որ չնայած Հայաստանի բնակչության նվազմանը, ընտրողների թիվը ցուցակում ավելանում է:

Դեսպանների խնդրանքով, նախագահը ներկայացրել է նաեւ խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքները, ինչպես նաեւ անդրադարձել է  համամասնական ցուցակի կազմման սկզբունքներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: