Ազգային Ժողովի ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը ակտիվորեն նախապատրաստվում են առաջիկա ընտրություններին, եւ այդ նպատակով մտադիր են օգտագործել նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոյի եթերից:

Նշենք, որ ապրիլի 2-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին սահմանելու է համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը` համաձայն Ընտրական օրենսգրքի 19 հոդվածի 2-րդ մասի: Հեռուստա- եւ ռադիոընկերություններն արդեն հրապարակել են վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը:

«Ժառանգություն» կուսակցությունն օգտվելու է թե անվճար, թե վճարովի եթերաժամից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ կօգտվեն վճարովի եթերաժամից, միգուցե ոչ ամբողջ փաթեթով, որովհետեւ այդ դեպքում կարող է գերազանցեն նախընտրական հիմնադրամով նախատեսված 100 միլիոն դրամը:

«Ժառանգությունը» նաեւ ծանոթ է հեռուստա- եւ ռադիոընկերությունների սահմանած գնացուցակին, եւ կարծում է, թե գներն ավելի ողջամիտ են, քան նախորդ ընտրություններին: «Այդ իմաստով դրական տեղաշարժ տեսնում ենք եւ օգտվելու են վճարովի եթերաժամից, նաեւ ռադիոյից»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը: Հարցին, թե որ հեռուստաընկերությունից են օգտվելու, «Ժառանգության» մամուլի քարտուղարը պատասխանեց. «Բոլոր հեռուստաընկերություններից, որոնք վճարովի եթեր տրամադրում են: Փորձելու ենք հավասարակշռված լինեն նաեւ այդ հարցում»:

Նախընտրած հեռուստաընկերություն չունի Հայ հեղափոխական դաշնակցությունը: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ տեղյակ են հեռուստաընկերությունների առաջարկներից եւ բոլորից էլ օգտվելու են:

«Օրինաց երկիրը» ներկայումս քննարկում է հեռուստաընկերությունների առաջարկները: «Անպայման օգտվելու ենք վճարովի եթերաժամից: Մոտակա օրերին պարզ կլինի, թե հեռուստաընկերությունից կօգտվենք»,- NEWS.am-ին հայտնեց ՕԵԿ նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը:

Վճարովի եթերից հավանաբար կօգտվի նաեւ Դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նշեց, թե տեղյակ են գնային առաջարկներից եւ հավանաբար կօգտվեն:

Վճարովի եթերաժամից օգտվելու է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Անպայմանորեն օգտվելու ենք: Երբ կլինի կարգը, մենք մեր հայտերը կներկայացնենք մեր հայտերը»,- հայտնեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ն հեռուստաընկերություններից խնդրել է իրենց տրամադրել սակագները, ծանոթ են գներին եւ օգտվելու են:

Վճարովի եթերից հավանաբար կօգտվի նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը չբացառեց վճարովի եթերաժամից օգտվելու հնարավորությունը` նշելով, որ դա կապված է ֆինանսական հնարավորությունների հետ: Հիշեցնենք, որ կոմկուսը մեծ դժվարությամբ կարողացավ հավաքել 8 միլիոն դրամ ընտրագրավը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը եւս հաստատեց, որ իրենք օգտվելու են հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամից: «Մեր հնարավորությունների սահմաններում: Տեղյակ ենք տարբեր հեռուստաընկերությունների գնային առաջարկներին, ուսումնասիրում ենք եւ առաջիկայում կորոշենք` որ հեռուստաընկերությունից որքան»,- նշեց Արման Մուսինյանը: Հարցին, թե որ հեռուստաընկերություններն են նախընտրելու, Մուսինյանը պատասխանեց. «Նախընտրելին երկու առումով կլինի, ինչպես գնային առաջարկը, այնպես էլ հանրապետական սփռվածության աստիճանը, փրայմ-թայմ ժամերի հանգամանքը: Մի քանի գործոններ հաշվի առնելով` կընտրենք»:

Վճարովի հեռուստաեթերից կօգտվի նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «ՀՀԿ-ն օգտվելու է օրենքով սահմանված բոլոր հնարավորություններից` իր քարոզչությունն արդյունավետ օգտագործելու համար»: «Այդ ամենը լինելու է թափանցիկ եւ կարգուկանոնով»,- նշեց նա` հավելելով, որ ՀՀԿ-ն ծանոթ է գնային առաջարկներին, կա նախընտրական հիմնադրամի հստկ չափ, եւ նախընտրական շտաբը կքննարկի ու կորոշի` որքան գումար նախատեսել քարոզչության, որքան` տեխնիկական ծախսերի, պաստառների համար:
Ընտրություններին հայտ ներկայացրած միակ քաղաքական ուժը, որից այդպես էլ որեւէ բան պարզել չհաջողվեց, «Միավորված հայեր» կուսակցությունն էր: ՄՀԿ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համառորեն հրաժարվեց պատասխանել հարցին` իրենք օգտվելու են վճարովի եթերից, թե ոչ:

Նշենք, որ հեռուստա- եւ ռադիոընկերություններն արդեն հաստատել են վճարովի եթերի մեկ րոպեի արժեքը: Ամենաթանկը «Շանթ» հեռուստատեսության առաջարկն է` մեկ րոպեի գինը 120 հազար դրամ: «Շանթին» հաջորդում են «Արմենիան»` 110 հազար դրամ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը` 80 հազար դրամ, Հայկական երկրորդ հեռուստաալիքը` 30-60 հազար դրամ` կախված ցուցադրման ժամերից, «Կենտրոնը»` 32,4 հազար, «Երկիր մեդիան»` 30 հազար, «Ա-Թիվի» (24 հազար) եւ «Արմնյուզ» (18 հազար) հեռուստաընկերությունները: Տարբեր ռադիոկայանների առաջարկները տատանվում են 1200-ից 3600 դրամի սահմաններում, իսկ մարզային հեռուստաընկերությունների առաջարկները` 6-ից 15 հազար դրամի սահմաններում: