ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ, ստեղծվել է կառավարական հանձնաժողով` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից: Հանձնաժողովի կազմում են Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության  նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ  Դ. Ղազարյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շ. Շահինյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կ. Հովհաննիսյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գ. Մանասյանը, Ա. Հարությունյանի դուստր Ն. Հարությունյանը: