Նյու Յորքի կրթության դեպարտամենտը հաստատել է 50 բառից կազմված ցուցակ, որն արգելված է օգտագործել դպրոցներում:

Այսուհետ աշակետներն ու ուսուցիչները չպետք է արտաբերեն «ծննդյան օր», «դինոզավր», աղքատություն», «պարեր»  եւ  մի շարք այլ բառեր:

Ինչպես հաղորդում է ABC News-ը, արգելքի իմաստը «երեխաներին հեռու պահելն է այն բառերից, որոնք կարող են տհաճ հիշողություններ եւ բացասական զգացմունքներ առաջացնել»:

Բառերի ընտրության բացատրությունը բավականին անհեթեթ է հնչում: Օրինակ, ցուցակում «ծննդյան օր» բառակապակցության ընդգրկման պատճառն այն է, որ դա կարող է վիրավորել Եհովայի վկաներին, ովքեր այն չեն ընդունում, «Հելոուինը» կարող է վիրավորել քրիստոնյաներին, իսկ  «դիսկոտեկ»-ն արդեն իսկ չափազանց  անբարո է հնչում, «աղքատություն» բառն էլ կարող է սթրես առաջացնել գործազուրկների երեխաների շրջանում:

Ամենատարօրինակ  բացատրությունը «դինոզավր» բառի արգելքին է վերաբերում: Սա իբր հիշեցնում է էվոլյուցիայի տեսության մասին, ինչը կարող է վիրավորել  նրանց, ովքեր հավատում են Երկրի վրա կյանքի աստվածային ծագման տեսությանը:

Որոշ վերլուծաբաններ հեգնանքով նկատում են, որ հարկ է արգելել նաեւ «նյույորքյան իշխանություններ» բառակապակցությունը, քանի որ այն ակնհայտ հիշեցնում է IQ թեստի ցածր արդյունքի մասին: