2011-ի  ձեռքբերումները  պետք է ոգեւորիչ լինեն  եւ այս տարի աշխատենք կրկնապատկել ցուցանիշները: Այս մասին այսօր` մարտի 28-ին Արագածոտնի  մարզպետարանում հրավիրված  խորհրդակցության ժամանակ,  որին ներկա էին  Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, գյուղատնտեսության նախա-րարության պատասխանատու պաշտոնյաներ եւ մարզի համայնքների ղեկավարները, հայտարարեց  Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Որպես այս տարվա կարեւորագույն խնդիր, նախարարը մատնանշել է գյուղացիների  եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերը, այնուհետեւ` գյուղական համայնքներին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաեւ Եվրոմիության  պահանջներին համապատասխան  սննդամթերքի անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացումը եւ ընթացակարգերի սահմանումը համարվեց:

«Շատ  դեպքերում թյուր  կարծիք է  տարածվում,  թե կոոպերացիաների ստեղծմամբ  մենք հետ ենք գնում  դեպի նախկին կոլխոզներ: Մարդիկ պետք է հասկանան,  որ դա իրականությանը չի համապատասխանում: Կոոպերացիաների մեջ  ընդգրկվելով,  մարդիկ միավորվում են  գաղափարի  շուրջ եւ իրենց որոշումների մեջ  ազատ են, կարող  են ցանկացած պահի դուրս գալ  կոոպերացիայից: Պարզապես  պետք է  գիտակցեն,  որ միասին ավելի հեշտ են լուծվում խնդիրները,  ինչպես տեխնիկայի,  պարարտանյութի,  վառելիքի ու այլ պարագաների ձեռքբերման,  այնպես էլ արտադրանքի իրացման հարցերում»,- նշեց նախարարը:

Նախարարը անդրադարձել է նաեւ ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելիքի մատակարարմանը,  նշելով, որ եղանակային վատ պայմանների պատ-ճառով ներկրումը մի փոքր ուշացել է,  սակայն մինչեւ  ապրիլի կեսը կավարտվի դրանց բաշխումը  համայնքներին:  Նա հիշեցրեց,  որ պարարտանյութի մեկ պարկը համայնքներին կհասցվի 6000, իսկ դիզ.վառելիքի մեկ լիտր` 350 դրամով,  հավելելով, որ շուկայական եւ առաջարկվող գների տարբերությունը կսուբսի-դավորվի պետության կողմից: Լսելով համայնքների ղեկավարների մտահոգությունը գյուղացիներից մթերվող  կաթի գնի նվազման  միտումի վերաբերյալ, նախարարն ասաց,  որ խնդիրն  իր մշտական ուշադրության ներքո է. «Անցյալ տարի մենք կարողացանք զգալիորեն բարձրացնել կաթի մթերման գինը` 80-100 դրամից հասցնելով 150-ի: Հիմա եւս  պետք է թույլ  չտանք  այս հարցում կամայական մոտեցում ցուցաբերվի  եւ  գյուղացուց ավելի շատ օգուտ ստանա միջնորդը»,- նշեց նա: