Օրերս ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 75-ամյա ծերունուն մարմնական վնասվածք, ինչպես նաեւ 100 հազար դրամի վնաս հասցնելու համար հետախուզվող, Աբովյանի բնակիչ 39-ամյա Գագիկ Բունիաթյանը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից:

Վերջինիս դեռեւս փետրվարին էր դիմել այդ քայլին, որից հետո ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության բաժանմունքում քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ հետախուզում հայտարարվել:

Օպերատիվ տեղեկություններ իրացնելիս պարզվել է, որ Գագիկ Բունիաթյանը խաբեությամբ մուտք է գործել Կոտայքի մարզի Աբովյան 7-րդ փողոցի բնակիչ 75 տարեկան Հրաչ Զոհրաբյանի բնակարան եւ դանակի սպառնալիքով հափշտակել վերջինիս մոր նվիրած ոսկյա շղթան` իր խաչով, եւ կնոջ նվիրած ոսկյա մատանին` պատճառելով 100 հազար դրամի վնաս:

NEWS.am-ի տեղեկություններով, վերջինս Կոտայքի մարզում հայտնի է «Բիճ Գագո» մականվամբ: Ավելին` նախկինում 7 անգամ դատված է եղել տարատեսակ հանցագործությունների համար, այդ թվում գողություն, ավազակային հարձակում, փախուստ բանտից, մարմնական վնասվածքներ պատճառել, թմրանյութեր պահել եւ օգտագործել եւ այլն:

Ինչ վերաբերում է վերջին հանցագործությանը Գագիկ Բունիաթյանը տարեց տղամարդու բնակարան մուտք գործելուց առաջ նախ դուռը թակելիս ներկայացել է որպես ոստիկանության քրեական բաժնի ներկայացուցիչ եւ պահանջել, որ դուռն արագ բաց անեն: Ծերունին, թեեւ զարմացել է, թե ոստիկանությունից ինչու պետք է գան իրենց տուն, բայց բացել է դուռը, որից հետո Գագիկը ներս մտնելով միանգամից անցել է ավազակային հարձակման:

«Բիճ Գագոն» ծեծում է իրեն դիմադրող ծերունուն` կծելով ականջը, եւ դիմում փախուստի:

Նրան ոստիկանները գտել են մարտի 12-ին: Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասը սահմանում է` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը, որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ` պատժվում է կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: