Մեր համաստեղությունում կարող են միլիարդավոր բնակելի աշխարհներ գոյություն ունենալ: Ինչպես Reuters-ին հղում անելով տեղեկացնում է NEWSru.com-ը, առաջին անգամ նրանց մոտավոր քանակը կարողացել են հաշվել Գրենոբլի աստղաֆիզիկայի եւ մոլորակագիտության ինստիտուտի գիտնականները` Քսավիե Բոնֆիսի ղեկավարությամբ: Եվրոպական հարավային աստղադիտարանից հարավային երկնքում 102 աստղ ուսումնասիրելուց հետո գիտնականները մեծաթիվ ժայռոտ մոլորակներ են հայտնաբերել, որոնք գերազանցում են զանգվածային գազային մոլորակներին, ինչպես Յուպիտերն ու Սատուրնն են մեր արեգակնային համակարգում:

Գիտնականների հաշվարկներով` կարմիր գաճաճների շուրջ 40%-ն իրենց աստղից հարմարհեռավորության վրա են գտնվում, ինչն էլ կենսական անհրաժեշտ պայմաններ է ապահովում եւ կարեւորը` հեղուկ վիճակում ջրի գոյության հնարավորություն: 

Եթե այս տրամաբանությունը հիմք վերցնենք եւ հաշվի առնենք Ծիր Կաթին համաստեղությունում շուրջ 160 մլրդ կարմիր գաճաճների գոյությունը, պոտենցիալ բնակելի աշխարհների քանակը հսկայական կլինի: